Ի՞նչ փորձարկումներ է անում Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին․ մանրամասնում է Վիտալի Մանգասարյանը
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 2 min read

Կարծում եմ՝ ադրբեջանական կողմի գործողություններում ինչ-որ նոր հանգամանք և պատճառ փնտրելն այս փուլում անիմաստ ժամանակի վատնում է, քանի որ նրանք բազմիցս ապացուցել են, որ իրենց նպատակը մեկն է՝ ոչնչացնել հայ ժողովրդին՝ բոլոր հնարավոր մեթոդներով, բոլոր հարմար առիթներով և բոլոր «հարմար» իրավիճակներում։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով երեկ Գեղարքունիքի սահմանին տեղի ունեցածին։
Նրա խոսքով՝ առիթները կարող են տարբեր լինել, սկսած ՀԱՊԿ հայտնի իրադարձություններից, վերջացրած իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների առջև դրված հատուկ առաջդրանքով։
«Արձանագրենք, որ երեկվա ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողություններին նախորդել էին Արցախում մեկ օրվա մեջ տեղի ունեցած առնվազն երեք մեծ հաշվով նույնաբովանդակ սադրիչ գործողություններ, որոնք զարգացման այլ ընթացք չեն ստացել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շնորհիվ»,- նկատեց փորձագետը։
Ըստ Վիտալի Մանգասարյանի՝ այսօրինակ գործողություններով թշնամին մի քանի խնդիր է փորձում լուծել։ Առաջին՝ հայ բնակչության շրջանում սերմանել վախի մթնոլորտ, որը երկարաժամկետ կտրվածքում կհանգեցնի այդ շրջաններում ապրող մարդկանց թվի նվազմանը, որն էլ, իր հերթին, ուղղակի և անուղղակի կազդի բանակի և, ընդհանուր առմամբ, երկրի մարտունակության աստիճանի վրա։
«Երկրորդ՝ հակառակորդը նմանօրինակ գործողություններով բարձրացնում է իր իսկ ստորաբաժանումների մարտունակությունը։ Պրակտիկ փորձ և հմտություններ են ձեռք բերում հատկապես Թուրքիայում վերջին շրջանում կուրսեր անցած հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնց ուսուցման ծրագրում եղել է բարդ լեռնային պայմաններում մարտական գործողությունների իրականացումը, այդ նույն պայմաններում դիվերսիոն հետախուզական գործողություններ իրականացնելու կարողություն ձևավորելը և այլն։ Տեսական փուլը ավարտելուց հետո հակառակորդը անցել է գործնական փուլին, և մենք ականատես ենք լինում դրանից բխող հետևանքներին»,- ասաց Մանասարյանը։
Բացի այդ, փորձագետը ներկայացրեց նաև երրորդ պատճառը՝ թշնամին շատ լավ ուսումնասիրել և գնահատել է մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, գիտի ինչի՞ են ընդունակ, ինչպե՞ս կարձագանքեն դիվանագիտական ճակատում, ի՞նչ արդյունք կտա այդ արձագանքը և այլն։
«Այս և մի շարք այլ հանգամանքներ էլ հաշվի առնելով՝ նրանք ժամանակ առ ժամանակ լարվածության օջախներ են ստեղծելու սահմանի ողջ երկայնքով, տարբեր առիթներով, տարբեր մեթդներով և տարբեր ուժգնությամբ»,- նշեց նա։
Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ՝ որպեսզի կարողանանք հաղթահարել այս իրավիճակը, մեր հասարակությունը պետք է տեղեկացված և պատրաստ լինի այդ բոլոր մարտահրավերներին։
«Հատկապես քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ ինչքան շատ է խոսվում, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան բացելու մասին, այնքան ավելի հեռանում է այդ խաղաղությունը մեզանից»,- եզրափակեց խոսքը Վիտալի Մանգասարյանը։
Նարե Գևորգյան




















