Գիտնականները հայտարարել են գլխուղեղի ուռուցքները մի քանի ժամում ախտորոշելու նոր եղանակի մասին
- Ani

- May 22
- 2 min read
Գիտնականները հայտարարել են, որ ուղեղի ուռուցքների ախտորոշման նոր եղանակը կարող է բուժառուների ապաքինման համար սպասման ժամանակը շաբաթներից կրճատել և հասցնել մինչև մի քանի ժամի՝ միաժամանակ մեծացնելով նոր թերապիայի կիրառման հնարավորությունը։
Գլխուղեղի ուռուցք հայտնաբերելուն պես վիրահատության ժամանակ վերցվում է նմուշ, և պաթոլոգները անմիջապես զննում են բջիջները մանրադիտակի տակ, ինչը հաճախ կարող է որոշել ուռուցքի տեսակը։ Սակայն միայն գենետիկական թեստավորումը կարող է օգնել հաստատել ախտորոշումը։
«Գրեթե բոլոր նմուշները միևնույն է կուղարկվեն հետագա փորձարկման։ Սակայն դրանցից մի քանիսի համար փորձարկումը բացարձակապես անհրաժեշտ կլինի, քանի որ չեք իմանա՝թե ինչի եք նայում», -ասել է Նոթինգհեմի համալսարանի հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Մեթյու Լոուզը։
Neuro-Oncology բժշկագիտական հանդեսում հրապարակված հոդվածում Լոուզն ու նրա գործընկերները գրում են, թե ինչպես են իրենք օգտագործել այսպես կոչված նանոծակոտիների տեխնոլոգիան՝ այդ ժամկետը կրճատելու համար։ Մոտեցումը հիմնված է հարյուրավոր կամ հազարավոր փոքրիկ ծակոտիներով մեմբրաններ պարունակող սարքերի օգտագործման վրա, որոնցից յուրաքանչյուրի միջով էլեկտրական հոսանք է անցնում։
Երբ ԴՆԹ-ն մոտենում է ծակոտիներին, այն «բացվում» է առանձին շարանների։ Երբ շարանն անցնում է ծակոտիով, էլեկտրական հոսանքն ընդհատվում է։ Կարևոր է նշել, որ ԴՆԹ-ի տարբեր կառուցվածքային բլոկները և դրանց փոփոխությունները բնորոշ ձևերով խափանում են հոսանքը՝ թույլ տալով ԴՆԹ-ն «կարդալ» կամ հաջորդականացնել։ Այս հաջորդականությունները այնուհետև համեմատվում են տարբեր տեսակի ուղեղի ուռուցքներից ստացված հաջորդականությունների հետ՝ օգտագործելով գիտնականների մշակած հատուկ ծրագիրը։
Լոուզը պատմել է, որ գործընթացը՝ ներկայիս գենետիկական թեստավորմանը հավասար մեկ նմուշի համար արժե մոտ 400 ֆունտ ստեռլինգ։
Հետազոտողները սկզբում փորձարկել են մոտեցումը բուժառուներից նախկինում վերցված 30 նմուշների վրա, ապա կիրառել այն 50 նմուշների վրա՝ դրանք վերցնելու պահին։ Նրանք նշել են, որ այս նմուշներից համապատասխանաբար 24-ը (80%) և 45-ը (90%) 24 ժամ անց լիովին և ճիշտ դասակարգվել են նոր մոտեցմամբ, ինչը համապատասխանում է ավանդական գենետիկական թեստավորման եղանակների հաջողության ցուցանիշներին։ Սակայն հեռանկարային կերպով հավաքված 50 նմուշներից 38-ը (76%) վստահորեն դասակարգվել են մեկ ժամվա ընթացքում, ինչը նշանակում է, որ նմուշի հավաքագրման պահից մինչև վիրաբույժների արդյունքների ստացումը ժամանակը կարող է ընդամենը երկու ժամ դառնալ։






















