top of page

Բայդենը չի ընդունել Վրաստանի ղեկավարությանը․ հայտնի է պատճառը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը, որը նախագահ Ջո Բայդենն ավանդաբար անցկացնում է Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող համաշխարհային առաջնորդների համար։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:Ընդունելությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 25-ին:


Լրատվամիջոցին տեղեկությունն այն մասին, որ Կոբախիձեն հեռացվել է նախագահի ընդունելությանը հրավիրվածների ցուցակից, հաստատել են Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը և Կոնգրեսում աղբյուրը:


Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է Վրաստանի վարչապետի և պատվիրակության հետ բոլոր հանդիպումներից: Կոբախիձեի հետ հանդիպումից հրաժարվածների թվում Է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:


Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», որոշման պատճառը Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական պահվածքն է եւ մի շարք քայլեր, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը, ոչ կառավարական կազմակերպությունների դեմ Հակակոռուպցիոն բյուրոյի գործողությունները, ինչպես նաեւ իշխող ուժի հայտարարությունները ընդդիմադիր կուսակցություններն արգելելու մասին:


Ինչպես գրում է «Ամերիկայի ձայնը», Վրաստանի կառավարության հետ վերջին շփումը ԱՄՆ վարչակազմին հույս չի ներշնչել, որ Թբիլիսին կփոխի իր կուրսը, այլ հակառակը, Վրաստանի կառավարության քայլերը հավաստիացնում են, որ նա մտադիր է անտեսել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիան եւ վրաց ժողովրդի կամքը:

1/1746
bottom of page