top of page

ՌԴ-ն լողացող ատոմակայաններ է կառուցում, որոնք կարող է լիզինգով տրամադրել այլ երկրների

Ռուսաստանը կարող է լիզինգով փոքր հզորության ատոմային ջերմաէլեկտրական ջերմամատակարարման կայաններ տրամադրել այլ երկրների, հայտարարել է Կուրչատովի անվան ինստիտուտի ազգային հետազոտական ​​կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը։

«Ռուսաստանում լողացող ատոմակայանի ստեղծումը, հատկապես փոքր, շատ կարևոր է։ Դրա օգնությամբ կարելի է ծառայություններ գործարկել շուկայում։ Օրինակ, եթե լողացող հարթակի վրա տեղադրվի Elena-AM կայանը, ապա կարելի է այն վարձակալության տալ ցանկացած երկրի, պարտադիր չէ այն վաճառել: Սա բոլորովին նոր տնտեսություն է»,- ասել է Կովալչուկը։

«Ռոսատոմ» պետական ընկերության պատվերով Կուրչատովի անվան ինստիտուտն այժմ մշակում է այդպիսի կայան՝ Elena-AM-ը: Ծրագրի համաձայն՝ նման կայանները կկարողանան էլեկտրաէներգիա և ջերմային էներգիա արտադրել հեռավոր և դժվարամատչելի շրջաններին մատակարարելու համար։ Մասնավորապես, Elena-AM կայանը նախատեսվում է օգտագործել Սիբիրի զարգացման և Արկտիկայի տարածքների էներգիայի մատակարարման համար։

«Այս հարթակները կարելի է գործարկել գետերի երկայնքով՝ Օբ, Ենիսեյ: Այնտեղ հասնելն անհնար է՝ ճանապարհներ չկան, էլեկտրականություն չկա։ Ցածր հզորության «լողացող հարթակի» շնորհիվ հնարավոր է գալ և ուսումնասիրել ափամերձ տարածքները»,- ավելացրել է Կովալչուկը:

Առաջին փոքր ատոմակայանը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2032-ը։ Այն չի պահանջի արտաքին էներգիայի մատակարարում, ապագա ռեակտորի անվանական ջերմային հզորությունը կկազմի 7 ՄՎտ, կայանի էլեկտրական հզորությունը՝ առնվազն 200 կՎտ։ Վառելիքի մեկ լիցքավորմամբ կայանի ծրագրված ծառայության ժամկետը 40 տարի է։

1/1977
bottom of page