4 երեխա ունեմ, կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել ու վճարել եմ, իզուր չարչարվել եմ․ վարչապետ

Երբ մարդը 4 երեխա ունի, իր համար անվճար է տրանսպորտի ուղեվարձը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ կապ չունի չափահաս են երեխաները, թե անչափահաս. փաստորեն ես կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել ու վճարել եմ, իզուր չարչարվել եմ»,- նկատեց նա։
Փաշինյանը կատակեց, թե, երևի, գնա դիմի, քարտ ստանա՝ որպես չորս երեխայի հայր։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին օրերս քննարկել ու ընդունել էր տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում փոփոխությունները։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել էր սպասվող փոփոխությունները։
Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ:
90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորրություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե:
1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:
Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։
Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև
հաշմանդամություն ունեցող երեխաները
4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:
Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: