top of page

Արցախցիներն ահազանգում են՝ սոցիալական ճգնաժամի առջև են

Mar 31, 2025
1 min read

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ այսօր  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց անցկացվեց ակցիա։

Ակցիայի նպատակը Արցախից բռնի տեղահանվածների սպասվող սոցիալական ճգնաժամի մասին իրազեկումն ու Խորհրդի սոցիալական բնույթի պահանջների մանրամասների ներկայացումն էր:

Ակցիայի շրջանակներում ելույթով հանդես եկավ Խորհրդի անդամ, «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ ղեկավար Մարիամ Աբրահամյանը։ Նա հակիրճ ներկայացրեց սոցիալական ոլորտի առաջնային հիմնախնդիրները՝ ընդգծելով, որ բնակարանային և զբաղվածության ծրագրերը պետք է նշանակալիորեն բարելավվեն՝ հաշվի առնելով արցախյան քաղհասարակության մտահոգություններն ու առաջարկները:

Ելույթից հետո ակցիայի մասնակիցները գրություններ արեցին նախարարության դիմաց` շեշտադրելով, որ բնակապահովման ծրագիրը պետք է համապատասխանեցվի շահառուների կարիքներին՝ մինչ այդ շարունակելով բնակվարձի աջակցության ծրագիրը։ 

Նախարարությունից հրավիրեցին ակցիային մասնակցող Խորհրդի չորս անդամի, որոնք ներկայացրեցին Խորհրդի դիրքորոշումներն ու պահանջեցին արագ ու ներառական որոշումների կայացում ներկայացված հարցերի վերաբերյալ:

1/2967
bottom of page