top of page

Քոչարյանի նկատմամբ հետապնդումների հետևում լուրջ գործընթացներ են. Մեսրոպ Մանուկյան

11 hours ago
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի առաջ մի շարք լուրջ մարտահրավերներ են ծառացած։

Պատգամավորի խոսքով՝ այդ մարտահրավերներից առաջինը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից բարձրաձայնվող անկլավների հարցն է։

«Սկզբից չկային այդ անկլավները, ոչ մի իրավական հիմք չկար, հետո պարզվեց՝ կա։ Կա մի հետաքրքիր օրինաչափություն՝ սկզբից ասում է Ալիևը, հետո հաստատում է Փաշինյանը»,- ասաց Մանուկյանը։

Նա, որպես օրինակ, հիշատակեց նաև Հայաստանի ատոմակայանի վերաբերյալ քննարկումները․

«Ալիևը պահանջ է դնում, հետո այստեղից հայտարարում են՝ մենք ասում ենք՝ այսպես թե այնպես ատոմակայանը պետք է փակվի»։

Մանուկյանը նաև անդրադարձավ սահմանազատման գործընթացին՝ ընդգծելով, որ, իր գնահատմամբ, դրա մեկնարկը չի քննարկվում Հայաստանի հարավից, որտեղ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ կան։

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը ցանկանում է իր ներկայացվածությունն ապահովել Հայաստանի երկու միջպետական ճանապարհների և ռազմական նշանակության կետերի ուղղությամբ՝ Տիգրանաշենում և Կիրանցում։

Մանուկյանի մատնանշած հաջորդ մարտահրավերը Սահմանադրության փոփոխությունն է։

«Ալիևյան սահմանադրությունը, պահանջը դրել է Ալիևը, այս իշխանությունն ամեն կերպ փորձում է կյանքի կոչել»,- ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև TRIPP ծրագրին, որը, ըստ նրա, ներկայացվում է որպես Հայաստանի համար անվտանգության մեծ երաշխիք, սակայն կարող է նաև նոր սպառնալիքներ առաջացնել․

«Իրանի բարձրաստիճան գեներալիտետը ասում է՝ «այն, ինչը թույլ չենք տվել հարավում՝ Պարսից ծոցում, թույլ չենք տա հյուսիսում», այսինքն՝ ԱՄՆ ներկայացվածությունը»։

Մանուկյանի համոզմամբ՝ նման խոշոր տարածաշրջանային ծրագրերի իրականացման դեպքում Հայաստանը չի կարող անտեսել հարևան երկրների դիրքորոշումները։

1/2895
bottom of page