ՀՀ-ն էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպմանը՝ նշելով, որ 1 տարի առաջ ՀՀ-ն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր․
«Պետք է մտածեինք՝ այդ էներգիան որտեղ սպառել։ 1 տարի հետո ՀՀ-ն դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն, քանի որ օգոստոսի 8-ին ստորագրվել է, ըստ ընդդիմության, «ոչ մի բան չնշանակող» մտադրությունների հուշագիր ԱՄՆ նախագահի և իմ միջև»։
Վարչապետը հավելել է, որ խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ ՀՀ-ն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ․ «Այսինքն՝ մեր ողջ ավելցուկն այդ ներդրումային ծրագրերն ամբողջությամբ սպառում են։ Պետք է մտածել՝ ինչ անել։ Նախ՝ պետք է մտածել էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների և մեր աղբյուրների գեներացման մասին»։ Նա շեշտել է, որ մոդուլային ատոմակայանից ավելի ոչ մի բան պետք չէ։
Նա չի բացառում, որ 100-մեգավատանոց ատոմակայանն ամենատրամաբանական լուծումը լինի․ «Բայց չեմ կարող [միանշանակ] լինել, փորձագիտական քննարկման տիրույթում է հարցը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։




















