top of page

Sky News․ Սպորտային հավելվածը կարող էր օգնել Իրանին հետևել ամերիկյան ուժերին Մերձավոր Արևելքում

  • 3 hours ago
  • 2 min read

Ավելի քան 1,3 հազար Strava-ի օգտատերեր հրապարակել են իրենց մարզումների տվյալները Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաներից, ինչը տեսականորեն կարող էր օգնել Իրանին հետևել ամերիկացի զինծառայողների տեղաշարժերին և ընտրել հարձակման թիրախներ, պարզել է Sky News-ը։

Հավելվածը թույլ է տալիս օգտատերերին հրապարակել վազքի, հեծանվավազքի և լողի իրենց ճշգրիտ երթուղիներն ու ժամանակը։ Տվյալների վերլուծությունը բացահայտել է ոչ միայն զինծառայողների առօրյա երթուղիները, այլև անձնակազմի տեղաբաշխման, վերաբաշխման և դուրսբերման օրինաչափությունները, այդ թվում՝ այնպիսի բազաների միջև, որոնք բացակայում են հանրամատչելի քարտեզներից։

Շատ օգտատերեր մարզումները հրապարակել են իրենց իրական անուններով՝ այդպիսով հնարավոր է բացահայտելով իրենց ինքնությունը և իրենց դարձնելով ավելի խոցելի հետախուզության համար։

Անվտանգության փորձագետները կարծում են, որ նման տվյալների ամբողջությունը թույլ է տալիս կազմել այսպես կոչված «առօրյա կյանքի պրոֆիլ» (pattern of life)՝ ռազմական անձնակազմի կանոնավոր տեղաշարժերի և առօրյա կարգի պատկերը։ Հատուկ գործողությունների մասնագետ և Iran's Shadow Weapons գրքի հեղինակ Ջոնաթան Հեքեթը հայտարարել է, որ Իրանը «գրեթե անկասկած» օգտագործում է Strava-ն և այլ նմանատիպ հավելվածներ՝ Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորականների տեղաշարժերին հետևելու համար։

Դեպքերից մեկում Sky News-ի վերլուծությունը բացահայտել է կապ Strava-ի օգտատիրոջ ակտիվության միջև Մանամայում գտնվող ամերիկյան ռազմածովային բազայում և անձնակազմի հետագա տեղափոխման միջև դեպի հյուրանոց։ Այն բանից հետո, երբ օգտատերը դադարել է բազայի տարածքում վազքերը հրապարակել, նա կրկին հայտնվել է հավելվածում՝ նշելով Crowne Plaza հյուրանոցի շուրջ երթուղիները։ Վեց օր անց Իրանը հարված է հասցրել այդ հյուրանոցին, ինչի հետևանքով, պարբերականի տվյալներով, վիրավորվել են Պենտագոնի երկու աշխատակիցներ։ Միևնույն ժամանակ, Strava-ի տվյալների և հարված հասցնելու որոշման միջև ուղիղ կապ հաստատել հնարավոր չէ։

Մյուս օրինակը վերաբերում է Հորդանանում գտնվող ամերիկյան Մուվաֆակ աս-Սալթի բազային։ Պատերազմը սկսվելուց առաջ ամերիկացի զինծառայողները դրա տարածքից հրապարակել էին հարյուրավոր վազքեր։ Ապրիլին ակտիվության վերսկսումից հետո երթուղիների 76%-ը սկսվել կամ ավարտվել է մեկ վայրում՝ բազայի արևելյան հատվածում գտնվող զորանոցներում։ Հուլիսի 17-ին Իրանը հարված է հասցրել այդ զորանոցներին, ինչի հետևանքով զոհվել են երեք զինծառայողներ։ Փորձագետները նշում են, որ նաև այս դեպքում հավելվածում հրապարակումների և թիրախի ընտրության միջև կապի առկայությունը ապացուցված չէ։

Խնդիրը չի սահմանափակվում ամերիկացի զինվորականներով։ Sky News-ը տարվա սկզբից Կիպրոսում գտնվող բրիտանական Ակրոտիրի ավիաբազայի տարածքից հայտնաբերել է հրապարակված 12 հազար մարզում։ Հայտնաբերվել են նաև երեք օգտատերեր, որոնք վազքեր էին գրանցում Դիմոնայում գտնվող իսրայելական միջուկային հետազոտական կենտրոնի տարածքում։

Պենտագոնը պարբերականի հարցմանը մեկնաբանություններ չի տվել, իսկ Strava-ն հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվում օգտատերերի անվտանգությանը և գաղտնիությանը և նրանց տրամադրում է գործիքներ՝ տվյալների հասանելիությունը սահմանափակելու համար։

Դեռ 2018 թվականին Պենտագոնը նախազգուշացնում էր, որ նմանատիպ հավելվածներից ստացվող տեղադրության տվյալները կարող են օգտագործվել զինծառայողների վրա հարձակումների համար, և արգելել էր զինվորականներին ծառայության ընթացքում առանց հատուկ թույլտվության օգտագործել Strava-ի տեղադրության հետևման գործառույթները։ Չնայած դրան՝ նման տվյալների հրապարակումը շարունակվում է։

1/2846
bottom of page