top of page

«Փաստ». Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը»

3 hours ago
2 min read

«Փաստ» թերթը գրում է. «Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններից հետո իշխող ՔՊ կուսակցության քարոզիչները շտապեցին սոցիալական ցանցերը ողողել «հաղթական» ռեպորտաժներով ու ցուցադրական հպարտությամբ։ Առանձնակի ոգևորությամբ մատնանշվում է, օրինակ՝ Կիրանցում արձանագրված մոտ 90 տոկոսանոց արդյունքը։ Սակայն քաղաքագիտական սթափ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս թվերը ոչ թե իշխանության իրական ժողովրդականության կամ ժողովրդավարական հաղթանակի վկայություն են, այլ քաղաքական համակարգի խոր ճգնաժամի և գիտակցված ինքնախաբեության ցայտուն դրսևորում։

Ուղղակի խնդիրն այն է, թե ինչպես է իշխանությունը հասել այդ արդյունքին ընտրություններից շատ ավելի վաղ։ Կիրանցի պարագան ինքնին խոսուն է. մի գյուղում, որտեղ վերջին սահմանազատման հետևանքով հողերի ու տարածքների մի մասն անցավ ադրբեջանական կողմին, իսկ տեղի բնակչությունը երկարատև ու ցավոտ պայքար մղեց ապրելու սեփական իրավունքի համար, իշխող ուժի ստացած բարձր տոկոսները ոչ թե աջակցության, այլ այլընտրանքի իսպառ բացակայության հետևանք են։

Իշխանությունը ընտրությունների ելքը կանխորոշեց դեռևս քվեարկության օրվանից առաջ։ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխող թիմն ուղղակիորեն գլխատեց տեղական մակարդակում իր համար վտանգ ներկայացնող ողջ ռեսուրսը։ Տեղերում ազդեցություն, հեղինակություն և լուրջ կշիռ ունեցող այն գործիչները, ովքեր ընդունակ էին քպական վարչական ապարատի դեմ իրական ու մրցունակ պայքար մղել, նպատակաուղղված չեզոքացվեցին։

Շինծու քրեական վարույթները, անհամաչափ կալանավորումներն ու ուժային ապարատի ճնշումները ձևավորեցին մի այնպիսի մթնոլորտ, որտեղ պայքարի ընդունակ գործիչները կա՛մ ֆիզիկապես զրկվեցին մասնակցության հնարավորությունից՝ հայտնվելով անազատության մեջ, կա՛մ էլ ստիպված եղան հրաժարվել ընտրապայքարից։

Այսպիսով, դաշտը նախապես մաքրվեց ռեալ մրցակիցներից։ ՔՊ-ն շատ տեղերում ընտրություններին գնաց, ըստ էության, մենակ՝ մրցելով կա՛մ սեփական ստվերի, կա՛մ էլ քաղաքական կշիռ չունեցող, ֆիկտիվ միավորումների հետ։ Նման պայմաններում, գործադրելով վարչական ողջ լծակները, բարձր տոկոսներ արձանագրելը ոչ թե հպարտության առիթ է, այլ ժողովրդավարական ինստիտուտների բացահայտ ոտնահարում։ Սա ոչ թե ազատ ընտրություն էր, այլ վարչաքաղաքական մեքենայի միջոցով իշխանությունը վերարտադրելու ձևական արարողակարգ։

Ժողովրդավարության դիակի վրա նման տոկոսներ արձանագրելով՝ իշխանությունը հասնում է ոչ թե կայունության, այլ ստեղծում է պայթյունավտանգ մի իրավիճակ, որն առաջին հերթին սպառնում է հենց իրեն։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ այն քաղաքական համակարգերը, որոնք քաղաքացուն զրկում են ընտրության և այլընտրանքի իրական իրավունքից, իրենց տակ դնում են դանդաղ ազդեցության ռումբ։

Հասարակությունը, որի քաղաքական ձայնն ու դիմադրողականությունը խեղդվում են վարչական ու իրավական բռնաճնշումներով, չի դառնում հնազանդ. այն դառնում է լռել յայն վտանգավոր։ Կուտակված դժգոհությունն ու օտարումը պետական համակարգից վաղ թե ուշ գտնելու են իրենց ելքը։ Երբ քաղաքական դաշտը նախապես մաքրված է լինում ինստիտուցիոնալ այլընտրանքներից, այդ դժգոհությունը դուրս է գալիս քաղաքական հունից՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ նույնիսկ ամենաբարձր տոկոսներն այլևս ի վիճակի չեն լինում ապահովել քաղաքական իրական կայունություն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2962
bottom of page