top of page

Աբսուրդային օրինակներ՝ Ռուբեն Վարդանյանի գործից. անգամ Արցախյան մեծ հարսանիքը համարվել է «հանցավոր գործունեություն»

  • 4 hours ago
  • 2 min read

Ստորև ներկայացնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանի այսօր կայացած մամուլի ասուլիսի հիմնական կետերը.

FreeArmenianPrisoners կայքում արդեն ամբողջությամբ հրապարակված են Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն թարգմանությունները՝ 3302 էջ ընդհանուր ծավալով:

«Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեկ տարուց ավելի տևած նախաքննության և մեկ տարի տևած դատաքննության ընթացքում իրականում չի հաջողվել իրենց իսկ առաջադրած  «մեղադրանքներին» քիչ թե շատ տրամաբանությանը մոտ «հիմնավորում» գտնել:

Մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական առումով որևէ քննադատության չդիմացող փաստաթղթերի հետ, որտեղ ոչ միայն  առաջադրված «մեղադրանքներն»  են աբսուրդային, այլև  բերված այսպես կոչված «ապացույցները»», -նշեց իրավապաշտպանը:  Նա առանձնացրեց աբսուրդային մի քանի օրինակ,  որոնք մենք հրապարակում ենք ստորև:

·         Ռուբեն Վարդանյանին  մեղադրում են 2022 թվականի սեպտեմբերի (Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման) իրադարձությունների համար:

Ի՞նչ ապացույց է ընկած սրա հիմքում:

Դատարանում որպես տուժող հարցաքննվածներից մեկը մասնավորապես  իր ցուցմունքում հայտնել է, որ  ծառայության ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերին, հայկական զինված ուժերի «լայնածավալ գործողությունները կանխելիս», նրա հետ գտնվող ծառայակիցներից մեկը զոհվել է հայկական զինված ուժերի արձակած հրետանային արկի պայթյունի հետևանքով, իսկ ինքը և  ընկերը վիրավորվել են։ Նա դատարանից խնդրել է Վարդանյանի  նկատմամբ նշանակել ամենախիստ պատիժը։

·         Ռուբեն Վարդանյանին  մեղադրում են 1990-ականներին տեղի ունեցած իրադարձությունների համար, երբ նա բնակվում էր Մոսկվայում:  Նա նաև մեղադրվում է 2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը «Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ ուժով իշխանությունը զավթելու մեջ»։

Ի՞նչ ապացույց է ընկած սրա հիմքում:

Դատավճռում նշվում է, որ, միանալով «հանցավոր միավորմանը», աջակցելով, ֆինանսավորելով և օժանդակելով այնտեղ գործող ապօրինի զինված ջոկատներին՝ Ռուբեն Վարդանյանը մասնակցել է այդ միավորման կողմից կատարված բոլոր հանցագործություններին։

Այնուհետև թվարկվում են 1988–1994, 1988–2023, 1990–2024, 1989–2023 և այլ ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձություններ, այդ թվում՝ սպանություններ, պատանդառություններ, անհետացումներ, ականների պայթյուններ և այլ գործողություններ։ Մասնավորապես, նշվում է, որ 1988–1994 թվականներին Ադրբեջանի Հանրապետության 925 բնակավայր է «օկուպացվել», հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են, իսկ 1988–2024 թվականների ընթացքում, ըստ փաստաթղթի, ընդհանուր առմամբ 18,850 մարդ դիտավորությամբ սպանվել է։

·         Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 2021 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի համար, չնայած որ այդ ժամանակահատվածում այնտեղ չի գտնվել:

Ի՞նչ ապացույց է ընկած սրա հիմքում

Հարցաքննված  տուժողները պատմել են,  որ Լաչինի շրջանում արձակված հրետանային արկերի պայթյունի հետևանքով  ստացել են  վնասվածքներ և խնդրել են  Վարդանյանին պատժել օրենքով սահմանված կարգով։

Մեկ այլ տուժող պատմել է, որ «ԿամԱԶ» բեռնատարը պայթել է ականի վրա, ինչի հետևանքով զոհվել են երկու լրագրող և Քելբաջարի մեկ բնակիչ, ևս չորս մարդ վիրավորվել է, և դարձյալ խնդրել մեղադրյալի նկատմամբ արժանի պատիժ կիրառել։

·         «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացվում է որպես «ահաբեկչության» հետ կապված գործունեություն, իսկ «Ավրորայի»՝   Արցախ այցելած  մրցանակակիրները՝«հանցավոր կազմակերպության» անդամ:

Ի՞նչ ապացույց է ընկած սրա հիմքում

Մասնավորապես, «Ավրորայի»  դափնեկիր Միրզա Դիննայիի այցը Արցախ և որպես դափնեկիր նրան հանձնված մրցանակային գումարը  համարվել է  «քրդական ծագում ունեցող վարձկանների ֆինանսավորում»։

·         Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախում  տարբեր սոցիալական-բարեգործական ծրագրերի իրականացումը, դպրոցների  ու մանկապարտեզների վերանորոգումը, անգամ՝  Արցախյան մեծ հարսանիքի  ֆինանսավորումն ու որպես  կնքահայր նորաստեղծ ընտանիքներին աջակցելը ևս, ըստ մեղադրանքի,  դիտարկվում է որպես   «հանցավոր գործունեություն»:

1/2878
bottom of page