top of page

Ալիևը Հայաստանին սպառնացել է տարանցիկ երկիր դառնալու «զրոյական շանսերով»՝ «Զանգեզուրի միջանցքի» պատճառով

  • Writer: Ani
    Ani
  • Jul 19
  • 1 min read

ree

«Եթե Հայաստանը շարունակի արգելափակել Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված գործընթացը, ապա նրա՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում անցկացվող, այսպես կոչված, «համաշխարհային մեդիաֆորումի» ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ցավոք, հայկական կողմը վերջին հինգ տարում որևէ աշխատանք (կապված Զանգեզուրի միջանցքի հետ - խմբ.) չի իրականացրել։ Այդ հարցը գիտակցաբար հանվում է օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի համար երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի։ Եթե նրանք շարունակեն արգելափակել այս գործընթացը, կարծում եմ, կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, որում այսօր գտնվում են, այլև որոշակի առումով՝ քաղաքական մեկուսացման մեջ», - հայտարարել է Ալիևը։

Ընդ որում, նա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ներուժը «նախնական փուլում գնահատել է 15 մլն տոննա բեռ»։

«Մենք գործնականում ավարտում ենք երկաթգծի շինարարությունը մինչև Հայաստանի և Իրանի հետ մեր սահմանի հատման կետը։ Հավանաբար, մեկ տարուց էլ պակաս ժամանակում, գուցե նույնիսկ հաջորդ տարվա գարնանը, այդ երկաթգծի ադրբեջանական հատվածը կառուցված կլինի»։

«Զանգեզուրի միջանցքի իրականացումը, ըստ էության, կբացի Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ ուղղություն։ Ոչ միայն այն, որի մասին բոլորն են խոսում՝ Ռուսաստանից Ադրբեջանով դեպի Իրան՝ մինչև Ռեշթ, այլև Արևելյան Զանգեզուրի և Զանգեզուրի շրջանի այլ հատվածների միջոցով դեպի Իրան և այնուհետև՝ Թուրքիա։ Ուստի բեռնահոսքի ծավալի ավելացման համար հսկայական հեռանկարներ են բացվում», - ասել է Ալիևը։

bottom of page