top of page

Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նկատել նաև հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի աճող հավակնություննե՞րը, բռնազավթված Արցախում ոչնչացվող սրբավայրերի պահպանության խնդիրնե՞րը․․․

  • May 29, 2025
  • 1 min read

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական սրբավայրերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին

«Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը:

Ցավալի է,  սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում  չցուցադրել «նորաձև» հռչակված   կրթության  պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին  ճգնաժամը:

 Պետք է տեղյակ լինել, որ  հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ  տակավին 2019 թվականի սկզբներից Եկեղեցին մի շարք անգամեր դիմել  է պետական մարմիններին և ընդգծել  առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք, առ այսօր անարձագանք է մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես  և հենց կառավարության կողմից:

Սրբավայրերի հանդեպ վարչապետի  հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»:

1/2583
bottom of page