Առաջին հայը՝ Լոս Անջելեսի Հիվանդանոցների և առողջապահական ծառայությունների կոմիսարի պաշտոնում
- Ani

- Sep 25
- 3 min read

Հայազգի առողջապահական գործիչ դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյան) նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար։ Այս նշանակմամբ հայ մասնագետն առաջին անգամ է պատմության մեջ ստանձնում նման բարձր և պատասխանատու պաշտոն շրջանային իշխանության մակարդակում՝ ամրապնդելով հայ համայնքի դերը ամերիկյան առողջապահական կառավարման ոլորտում։
Դոկտոր Հայը առաջադրվել է Լոս Անջելեսի շրջանի Վերահսկիչների խորհրդի նախագահ Քեթրին Բարգերի կողմից, և նրա թեկնածությունը միաձայն հաստատվել է խորհրդի կողմից։ Կոմիսարի պաշտոնավարման ժամկետը 4 տարի է՝ ևս չորս տարի վերանշանակման հնարավորությամբ։ Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների հանձնաժողովը խորհրդատվական կառույց է, որը խորհրդակցում է Շրջանի Առողջապահական ծառայությունների տնօրենի և Վերահսկիչների խորհրդի հետ՝ առնչվող բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են հիվանդանոցային համակարգի գործունեությանը, հիվանդների խնամքի ընթացակարգերին և ծրագրերին։
Լոս Անջելեսի շրջանային առողջապահական համակարգն իր ծավալով ու բազմաշերտությամբ ամերիկյան խոշորագույններից է. այն սպասարկում է մոտ 10 միլիոն բնակչություն՝ ներառելով 88 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելես, Բևեռլի Հիլզ, Ուեսթ Հոլիվուդ, Գլենդել, Բըրբանք, Փասադենա, Մալիբու, Լոնգ Բիչ, Մանհեթեն Բիչ, Սանտա Մոնիկա, Մոնտեբելլո, Սանտա Կլարիտա և այլ համայնքներ։ Իր նշանակման մասին խոսելիս դոկտոր Հայը նշում է, որ այն իր համար սոսկ պաշտոն չէ, այլ կոչում ու առաքելություն. «Սա ինձ համար պարզապես պաշտոն չէ, այլ պատասխանատվություն ու առաքելություն՝ ծառայելու հանրությանը», – անկեղծացավ նա։ Նոր դերը, ըստ դոկտոր Հայի, իրեն ներշնչում է թարմ ուժեր, և նա ընդգծում է, որ առողջապահության հիմքում պետք է լինեն ոչ միայն մասնագիտական փորձն ու գիտելիքը, այլև մարդկային արժեքները՝ կարեկցանքը, հասկացողությունը և նվիրված ու ինքնամոռաց ծառայությունը։
Դոկտոր Հայը հավելեց, որ իր բազմակողմանի ներկայիս գործունեությունը փոխլրացնող բնույթ ունի։ «Արվեստը տալիս է հոգևոր ուժ ու հագեցում, բնաբուժությունն ու սննդաբանությունը՝ առողջապահական իմաստություն, իսկ պետական ծառայությունը՝ գործնական հնարավորություն այդ ամենը մարդկանց բարօրությանն ուղղելու», – ընդգծեց նա՝ խոսելով իր արվեստի, բնաբուժության և հանրային ծառայության դերի համադրման մասին։ Նշանակումն, ըստ նրա, տիտղոսի մասին չէ, այլ մարդկանց մասին է․ «Այս նշանակումը տիտղոսի մասին չէ, այլ մարդկանց մասին է։ Եթե իմ աշխատանքի շնորհիվ թեկուզ մի քանի ընտանիք ավելի ապահով զգան իրենց, եթե մի քանի բուժառու ստանան ավելի որակյալ խնամք, եթե մեկ կամ մի քանի հիվանդանոց դառնան ավելի ուժեղ, արդիական ու անվտանգ, իսկ անձնակազմն ավելի հոգատար, ապա իմ առաքելությունն իմաստավորված կլինի», – եզրափակեց նա։
Իր նոր նշանակմանը զուգահեռ դոկտոր Մարկ Մարատ Հայը շարունակում է առաջնորդել և ներգրավված լինել մի շարք կառույցներում՝ Կալիֆորնիայի նատուրոպաթիկ ասոցիացիայի նախագահ; Գլենդել քաղաքի Արվեստի և մշակույթի հանձնաժողովի կոմիսար, The Guardian of Health առողջապահական կենտրոնի հիմնադիր տնօրեն:
Դոկտոր Հայն ունի չորս բարձրագույն ակադեմիական աստիճան՝ սննդաբանության և սննդային հավելումների գծով դոկտորի գիտական աստիճան, բնաբուժության դոկտորի աստիճան (նատուրոպաթիկ բժիշկ), արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան և երաժշտական կոմպոզիցիայի դոկտորի աստիճան։ Նա եռակի վկայագրված նատուրոպաթ բժիշկ է՝ հավաստագրված Կալիֆորնիայի Նատուրոպաթիկ հավաստագրման խորհրդի, Ամերիկյան նատուրոպաթիկ բժշկական հավաստագրման խորհրդի և Նատուրոպաթիկ քննիչների ազգային խորհրդի կողմից։
Իր բազմամյա գործունեության ընթացքում դոկտոր Հայը դարձել է հայ և միջազգային մասնագիտական համայնքների ճանաչված անդամ։ Նա արժանացել է ազգային և միջազգային ճանաչման՝ արվեստի, մշակույթի, առողջապահության և գիտության ոլորտներում ունեցած իր ներդրումների համար։ Դոկտոր Հայը անդամակցում է Ցողունային բջիջների հետազոտման միջազգային ընկերությանը և Այլընտրանքային և ամբողջական բժշկության մասնագետների ընկերությանը՝ ակտիվ գործունեություն ծավալելով նաև այդ հարթակներում։ Նա նաև հանդիսանում է Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի անդամ՝ ակադեմիկոսի բարձրագույն կոչումով։
Դոկտոր Մարկ Մարատ Հայի վաստակն արժանացել է բազմաթիվ պաշտոնական գնահատականների։ Նա ստացել է շնորհակալագրեր և պատվոգրեր ԱՄՆ Կոնգրեսից, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտից, Կալիֆորնիայի նահանգային ժողովից և սենատից։ Նրան երախտագիտության նամակներ ու հավաստագրեր են հղել նաև Լոս Անջելեսի քաղաքապետը, Գլենդելի և Լա Կրեսենտայի քաղաքային իշխանությունները։ Մասնավորապես, դոկտոր Հայը ստացել է ճանաչման հավաստագիր հեղինակավոր «Սիդարս-Սինայ» բժշկական ցանցից՝ որպես բանախոս հանդես գալու Բևեռլի Հիլզի այդ առաջատար հիվանդանոցում։ 2023 թվականին դոկտոր Հայը պարգևատրվել է «Բարձր ձեռքբերումների մրցանակ»-ով՝ Ամերիկյան նատուրոպաթիկ բժշկական ասոցիացիայի կողմից։
Բացի այդ, դոկտոր Հայի ներդրումն առողջապահության ոլորտում պսակվել է երկու հեղինակավոր մեդալով։ Նրան շնորհվել են աշխարհահռչակ Նոբելյան մրցանակակիրների անունները կրող շքանշաններ՝ Իլյա Մեչնիկովի մեդալ (շնորհված Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի կողմից՝ ազգերի առողջության ամրապնդման գործում իր գործնական ներդրման համար) և Իվան Պավլովի մեդալ (շնորհված Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի կողմից՝ բժշկության և առողջապահության զարգացմանն ուղղված իր ավանդի համար)։
Դոկտոր Մարկ Մարատ Հայի նշանակումը Լոս Անջելեսի շրջանի առողջապահական բարձր պաշտոնում ոչ միայն դրվատանք է նրա անձնական փորձառության ու գիտելիքների համար, այլև պատմական իրադարձություն է համայնքային մակարդակում։ Հայ համայնքի համար սա հպարտության և ոգեշնչման նշանակալի աղբյուր է․ առաջին անգամ հայ մասնագետը նման մակարդակի հեղինակավոր դերում է, ինչը վկայում է հայերի կարևոր ներդրումը առողջապահության և հանրային ծառայության ոլորտներում։




















