«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ
- Ani
- 9 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին լրացավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորման 3 տարին, ու քաղաքական իշխանությունը ամեն գնով գեներալ Արզումանյանին պահում է կալանքի տակ: Արզումանյանը թերեւս միակ Արցախցի նախկին պաշտոնյան է, որին 3 տարի պահում են բանտում, իսկ ահա նախկին մյուս պաշտոնյաները շուրջ 2 տարի է կալանքի տակ են Բաքվի դատարանում։
44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար։
Նախկին բարձրաստիճան զինվորականը, ըստ Քննչական կոմիտեի, պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում, անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետեւանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր եւ վիրավորներ։
Ըստ հաղորդագրության՝ Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժը, այդ թվում՝ 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։
Իրավապահների պնդմամբ, մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 6-ը Արզումանյանի ստորագրությամբ օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացվել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին արդեն հաջողվել էր ներթափանցել Շուշի։
49-ամյա Արզումանյանը պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը գրեթե մեկ տարի անց ազատվեց պաշտոնից, ապա նշանակվեց Արցախի նախագահի խորհրդական, որից հետո նրան կալանավորեցին ու մինչ օրս պատժում են պահելով կալանքի տակ։ Միքայել Արզումանյանի նիստերը ընթանում են դռնփակ, ու որեւէ մեկը չգիտի, թե ինչ է կատարվում դատարանի դռների ներսում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում