top of page

Սյուզաննա Մելքոնյանի նոր հաղթանակը. երգչուհին ելույթ է ունենում Imperial նվագախմբի հետ, բայց չի դադարի լինել «Հայ սուպերսթարի» ժյուրիի կազմում

  • Jun 20, 2025
  • 4 min read

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն իր կարիերայում գրանցել է եւս մեկ հաղթանակ. Սյուզաննան, ով այս շրջանում ակտիվորեն զբաղված է «Հայ սուպերսթար 6» նախագծի ժյուրիի կազմում, ինքն էլ չի դադարում մասնակցել կարեւորագույն մրցույթների: Հերթական լսումները ռուսական հայտնի Imperial նվագախմի վոկալիստի ընտրության համար էին: Հայ երգչուհին դարձել է մրցույթի ֆավորիտ մասնակիցներից՝ հնարավորություն ստանալով ելույթ ունենալ նվագախմբի հետ եւ Հայաստանի անունը կրկին բարձրացնել ամենամեծ բեմահարթակներում:


«Դեռեւս մեկ ու կես տարի առաջ, երբ իրենք այցելեցին նաեւ Հայաստան, ես ինքս եղել եմ նրանց համերգին, որը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ ասել, թե կախարդանքի մեջ էի, նշանակում է ոչինչ չասել․․․ Երբ իմացա, որ ունեն համարներ վոկալիստի հետ՝ հիմնականում աշխարհահռչակ սաունդրեքերի կատարման շրջանակում, որոնցից է, օրինակ, Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն՝ «Թիկնապահը» հայտնի ֆիլմից, կամ «Տիտանիկ» ֆիլմի «My Heart Will Go On»-ը, հասկացա, որ ես շատ մեծ ցանկություն ունեմ գոնե մեկ անգամ իրենց հետ ելույթ ունենալու։ Այդ ժամանակաշրջանում անձամբ եմ իրենց հետ կապվել․ նրանք ճանաչում էին ինձ, գիտեին, թե Ռուսաստանում ինչ նախագծերում եմ հաղթել, բայց այդ շրջանում, տեխնիկական որոշ պատճառներով, չստացվեց մեր համագործակցությունը, եւ մոտ մեկ ամիս առաջ ես իրենց էջում տեսա, որ Օսկարակիր ֆիլմերի երաժշտության նոր ծրագրի համար հայտարարել են վոկալիստի քասթինգ։ Բնականաբար, ես չէի կարող անտարբեր անցնել դրա կողքով, շատ արագ, ի դեպ, վերջին օրով, ձայնագրել եմ այն, ինչ պահանջվում էր, եւ հայտը լրացնելով ուղարկել եմ իրենց: Մի քանի ժամից ստանում են նամակ, որում ինձ շնորհավորում են եւ ասում, որ ինձ սպասում են Մոսկվայում, քանի որ ես անցել եմ հաջորդ փուլ»,-պատմեց երգչուհին:


Մայիսի վերջին Սյուզաննան Մոսկվայում՝ «Գոգոլի» անվան թանգարանում, մասնակցեց մրցույթի հաջորդ փուլին. ինչո՞ւ այն կայացավ թանգարանում՝ երգչուհին իր բացատրությունն ունի. «Նման մասշտաբի քասթինգներին փորձում են շատ մինիմալ պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանան ավելի լավ հասկանալ, թե ինչ մասշտաբի երգիչ ես եւ ինչ կարող ես անել։ Իմ ելույթից հետո նրանք շատ հուզված էին․ հանձնաժողովի կազմում էին՝ նվագախմբի տնօրենը, գեղարվեստական ղեկավարը, ով նաեւ դաշնակահարն է, իմ շատ սիրելի Էթերի Բերիաշվիլին, նաեւ գլխավոր դիրիժորը։ Ժուրիի շատ անդամների առաջ եմ ելույթ ունեցել, բայց այս կազմն իր տեսակով շատ ուրիշ էր ու տարբեր, եւ այստեղ պատասխանատվությունը եւս շատ մեծ էր, քանի որ այնքան պրոֆեսիոնալ պետք է լինեիր, որ քեզ բարձրացնեին այդպիսի բեմ»:

Սյուզաննան նշում է, թեեւ ինքը չի հաղթել մրցույթում, դրա համար չի նեղսրտում. ընդհակառակը՝ ուրախ է, քանի որ Ռուսաստանում չի ապրում եւ ֆիզիկապես իր՝ այնտեղ գտնվելը շատ դժվար կլիներ. «Փոխարենը, ես հրավիրված հատուկ սոլիստ եմ իրենց նախագծերում, որը եւս վարձատրվում է. այսինքն՝ ինձ համար նրանք ստեղծեցին շատ ավելի հարմար պայմաններ»։

Հունիսի 15-ին՝ Մոսկվայի «ЦСК» արենայում, որը մոտավոր 14 հազար հանդիսատես ունեցող դահլիճ է, տեղի ունեցավ Imperial նվագախմբի նոր նախագծի պրեմիերան, որտեղ հայ երգչուհուն վստահվել էր «The Greatest Showman» ֆիլմի հայտնի սաունդրեքը՝ «Never Enough»-ը. «Այս երգի շուրջ ես պարապել եմ մոտավորապես 3-4 տարի։ Ասել, որ ես ելույթից առաջ դողում էի, նշանակում է՝ ոչինչ չասել։ Թվում է, որ տարիների փորձը, բազմաթիվ հաղթանակները շատ կոփում են, բայց նման մասշտաբի բեմ ու հանդիսատես ես երբեւէ չէի ունեցել, եւ դա շատ կարեւոր էր ինձ համար, որովհետեւ իմ անվան հետ միասին հնչեց նաեւ Հայաստանի անունը»,-կիսվում է երգչուհին՝ վերհիշելով իր եւ հանդիսատեսի էմոցիաները՝ իր ելույթից հետո.

«Համերգը բաղկացած էր երկու գործողությունից․ ես առաջին գործողության վերջին կատարողն էի, եւ ելույթիցս հետո անդադար ծափեր հնչեցին։ Իմ՝ մի քանի ամսվա դժվար չբեմելուց հետո  այս մասշտաբի երաժշտական տոնն ինձ շատ անհրաժեշտ էր։ Նվագախմբի հետ աշխատելը մեծ ու անգնահատելի փորձ է, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն»։

Հաջորդիվ՝ սեպտեմբերի 7-ին, Imperial-ը ելույթ կունենա Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ նրանց կրկին կմիանա նաեւ Սյուզաննան.


«Սա շատ պարտավորեցնող է, եւ հայ հանդիսատեսն ինձ արդեն կտեսնի նվագախմբի հետ շատ գեղեցիկ համարով։ Չեմ նշի, թե որ երգն եմ կատարելու, բայց այն երգերը, որոնք ներառված են նվագախմբի համարներում, ես դրանց շուրջ բավական երկար ու մեծ աշխատանք եմ տարել»,-ասում է նա:

Բոլոր նրանց, ովքեր վախենում են Սյուզաննային «կորցնել» «Հայ սուպերսթարի» ժյուրիի կազմում, երգչուհին վստահեցնում է՝ իր գործունեության երկու ճյուղերը միմյանց չեն խանգարի: Անդրադառնալով նախագծին եւ իր՝ «խիստ ժյուրիի անդամ» լինելու համբավին, Սյուզաննան հավելում է.

««Հայ սուպերսթար 6-ը» բավական պատասխանատու ու դժվար աշխատանք է, որովհետեւ դու գործ ունես նոր սերնդի, սկսնակ երգիչների հետ․ երբեմն ես լինում եմ խիստ եւ էմոցիոնալ, բայց դա գալիս է նրանից, որ ես ինքս անցել եմ այդ ուղին եւ գիտեմ, թե որքան դժվար է, ու գիտեմ, որ չի կարելի մասնակցին «կոնֆորտ զոնայի» մեջ դնել․ դրանով դու նրան լավություն չես անում. սրանով է պայմանավորված երբեմն իմ էմոցիոնալ լինելը։ Շատ եմ սիրում նախագիծը, սիրում եմ մասնակիցներին եւ, նույնիսկ, չանցածների մեջ կան մասնակիցներ, որոնցից մեծ հույսեր ունեմ ապագայում։ Ընդհանրապես, խիտ գրաֆիկ ունենալը բարդ է, բայց այս պահի դրությամբ մեկը մյուսին չի խանգարում, թեեւ կարծում եմ՝ արվեստագետները միշտ կարողանում են որեւէ լուծում գտնել»։

Հեռուստանախագծերում ժյուրի լինելը նորություն չէ Սյուզաննայի համար, ով նաեւ եղել է ռուսական «Ну-ка, все вместе!»-ի ժյուրիի կազմում՝ նախագծում հաղթանակից հետո։ Այնուամենայնիվ, նրա համար «Հայ սուպերսթար»-ում ժյուրիի աթոռին լինելն ավելի բարդ է.

«Դժվար է այնքանով, որ ես իմ ուղին սկսել  եմ 16 տարի առաջ՝ հենց այս նախագծից։ Եվ երբեմն իմ ներսի մասնակիցը՝ այն փոքրիկ աղջիկը, որը բույն է դրել ներսումս, ինձ հանգիստ չի տալիս, բայց ես հասկանում եմ, որ որպեսզի ես կարողանամ իմ գործը ճիշտ անել եւ ծառայել մասնակցին՝ որպես ժյուրիի անդամ, որը կօգնի նրան հետագայում կոփված լինել՝ որպես բեմի մարդ, այո, ես պետք է հարկ եղած դեպքում լինեմ նաեւ խիստ, քանի որ ես ինքս դարձել եմ նա, ով կամ, ինքս իմ հանդեպ դրսեւորած խստության շնորհիվ։ Համենայն դեպս, ժյուրիի յուրաքանչյուր անդամ ունի իր փորձը, իր գույնը, իր մոտեցումը, եւ հենց դրանով էլ ստացված է նախագիծը»,-ասում է նա:


1/2859
bottom of page