top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԷՍՏԵՂԻՑ ԿԱ՛Մ ԵՍ ԵՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ, ԿԱ՛Մ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Oct 17, 2024
  • 3 min read

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է ավագանու ընդդիմադիր` «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, սփյուռքահայ Պեդրո Զարոկյանին մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնել։ Հարցը ՔՊ-ի օրակարգում է։ Թե ինչ հիմքով են զրկելու Զարոկյանին մանդատից, այն դեպքում, երբ նա պարտաճանաչորեն ներկա է եղել քաղաքապետարանի նիստերին, դժվար է ասել, որովհետեւ մինչ այժմ մանդատից զրկել են միայն նիստերից բացակայությունների հիմքով: Մյուս կողմից` ՔՊ-ական իշխանության համար դժվար չէ հնարված հիմքերով եւ կասկածելի մեթոդներով ազատվել իրենց համար ոչ հաճո, սուր խոսքով հանդես եկող ընդդիմախոսներից։



Իսկ այս վերաբերմունքի պատճառն այն է, որ Երեւանի ավագանու վերջին նիստում թեժ վեճ ծավալվեց ավագանու ընդդիմադիր եւ իշխանական անդամների միջեւ։ Ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը հարց ուղղեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի չարաշահումների մասին՝ զուգահեռաբար քննադատելով Երեւանի դպրոցներում տիրող անմխիթար վիճակը։ Զարոկյանը նկատել էր, որ լուրեր են տարածվել, թե Տիգրան Ավինյանն անվտանգության աշխատակիցներ է ընդունել մի շենքում աշխատելու, որն արդեն իսկ ուներ անվտանգության ծառայություն։ «Անամոթներ, գոնե դպրոցների ճանապարհների փոսերը լցրեք»,- վրդովված ասաց նա՝ հայտարարելով, թե տպավորություն ունի, որ յուրացված գումարները ՔՊ-ում «իրար մեջ են բաժանում»։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոշտ արձագանքեց ու նկատողություն հայտարարեց Զարոկյանին։ Ավագանու ՔՊ-ական անդամներն էլ, Ավինյանի համար կենդանի վահան դառնալով, հարձակվեցին նրա վրա, եւ իրար հասցեին ինչ վիրավորանք ու լուտանք ասես՝ չհնչեց նիստում:


Պեդրո Զարոկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում իրեն մանդատից զրկելու մտադրության մասին երեկ ասաց՝ խոսքի ազատությունը ցանկանում են զսպել․ «Ուրիշ ի՞նչ հիմք կարող է լինել, բոլոր նիստերին եղել եմ, հանձնաժողովի նիստերին  եղել եմ, չգիտեմ՝ ինչ հիմքի վրա են ինձ ուզում հանել»։ Նա նշեց, որ ավագանու նիստից հետո իրեն ոչ ոք չի մոտեցել, իր հետ չեն խոսել․ «Եթե ինձ չզրկեն, ես նույնձեւ՝ սուր-սուր ելույթներ կունենամ, քանի որ խոսքի ազատությունը կա, ես այն օգտագործելու եմ, իրենց իրենց տեղն եմ դնելու, գող-ավազակներն էստեղից պետք է հեռանան, կա՛մ ես եմ հեռանալու, կա՛մ Ավինյանը, ես իմ խոսքի ազատությունը պետք է մինչեւ վերջ օգտագործեմ, ինքն իրավունք չունի քաղաքապետ աշխատի, թալանչին իրավունք չունի։ Փոխքաղաքապետ Փամբուխչյանի հայրը 4 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ թոշակառու մարդը, ու ասում է՝ «Սպայկա»-ն է հովանավորել։ «Սպայկան», ասում էին, Միշիկինն ա, հիմա Միշիկին հանել են, իրենք փայ դարձան «Սպայկայի» մեջ։ Փաստորեն, իրենք փայ են մտել Միշիկի հետ, ու Միշիկի ձայնը դուրս չի գալիս։ Մյուս թալանչիներին հանեցին, իրենք դարձան թալանչի»։

Ավագանու անդամն ասում է՝ չի վախենում ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին քննադատելուց, նշում է՝ մյուս երկրների փորձը գիտի, մեզ մոտ նորմալ չէ․ «Գող-ավազակների երկիրը նորմալ չի, թալանում են, կոռուպցիայի հիման վրա երկիր են կառուցում»։


- Մտավախություն չունե՞ք, որ Ձեր գլխին ինչ-որ բան կսարքեն։


- Դե, արդեն ամեն ինչ փորձում են։ Ճիշտն ասած, ես լիքը գործեր եմ տվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ կանաչապատման ՀՈԱԿ-ի վերաբերյալ եւ այլն։ Ու ինձ մի շաբաթ առաջ զանգեցին հակակոռուպցիոնից, ասացին՝ կանչում են որպես վկա։ Ես էլ ուրախացա, ասացի՝ ինչ լավ է, վերջապես գործին ընթացք են տվել, բայց այլ բան ստացվեց․․․․ Իմ հողամասում՝ սահմանամերձ Բագարան գյուղում, 4-5 տարի առաջ ջրամբար էի սարքել ու մինչեւ 2025 թիվը կարող եմ օրինականացնել ու մի 4-5 ամիս առաջ սկսել եմ այդ գործընթացը, դրա հետ կապված՝ քրեական գործ են հարուցել։ Հիմա ասում են՝ գյուղապետը չի արգելել շինարարություն անել։ Դուրս է գալիս՝ քաղաքապետարանում բոլորին պետք է ձերբակալեն, այսինքն՝ ով անօրինական շինություն է անում, հետո օրինականացնում է, այդ քաղաքապետին կամ թաղապետին պետք է բռնեն։ Գյուղապետն էլ է զարմացել, ասում է՝ բոլոր գյուղերում նույն վիճակն է, իմ վրա են քրեական գործ հարուցել, շինությունը եղել է, հետո՝ օրինականացվել։


- Անդրադառնանք երեկվա միջադեպին, ինչո՞ւ այդպես զայրացաք, անդրադարձաք դպրոցների անմխիթար վիճակին։


- Չորս ամիս առաջ Նորք-Մարաշում աղջիկների բասկետբոլի ծրագիր ստեղծեցին, 157 դպրոցի դահլիճն օգտագործեցին, ես էլ ուրախացա, աղջկաս տարա, որ մասնակցի այդ ծրագրին։ 4 ամիս է՝ տարել եմ, երեխան խազվածքով տուն է գալիս, է՛լ փոսեր, մեխեր։ Ես 4 ամիս է՝ գրում եմ, ասում եմ՝ փոսերը լցրեք, մեխերը հանեք, չէին անում։ Տնօրենին ասացի՝ չեք անում, ես իմ աշխատողներին բերեմ` անենք, ասաց՝ եկեք, արեք։ Գնացինք, արեցինք, ու հետո աղմուկ դուրս եկավ, տնօրենն ասաց՝ ինչո՞ւ եք եկել։ Դրանից ես զայրացա, որ իրենք չեն անում, ու մենք էլ անում ենք` խոսում են մեզ վրա։ Սա համատարած խնդիր է, շատ դպրոցներում եմ եղել, փոսերով, տնկված մեխերով, երեխաներին գցում են, ֆիզկուլտուրա են պարապում էս անասունները։ Էրեխեքին անասունների տեղ են դրել, դա էր, որ ինձ զայրացրեց։



1/2051
bottom of page