top of page

Երբ հարցը տարածք զիջելու մասին՝ անգիր գիտեք՝ որ քարտեզով, հերթը հասնում է Ջերմուկին, չգիտեք. Աննա Գրիգորյան

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Oct 21, 2024
  • 3 min read

Երբ ձեզ հարց են տալիս, ասում են՝ Տավուշում ինչ հիմքով եք իրականացրել, ինչպես դուք եք ասում՝ սահմանազատում, իսկ իրականում միակողմանի զիջումներ, ասում եք՝ բավարար հիմքեր կային։ Այսինքն, կանոնակարգն հաստատված չէր, վավերականացում անցած չէր, բայց ասում եք բավարար հիմքեր կային։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

«Այսինքն, կանոնակարգը հաստատված չէր, վավերականացումն անցած չէր, ասում էք՝ բավարար հիմքեր կային։ Հարցնում ենք՝ էդ հիմքը ո՞րն է, ասում եք՝ 1976 թ-ի քարտեզը։ Բա որ 1976 թ-ի քարտեզը բավարար հիմք է՝ կանոնակարգը բերել եք ԱԺ, որ ի՞նչ անեք։ Եթե 1976-ի քարտեզը ձեզ համար ընդունելի քարտեզ է, իմ տեղեկություններով՝ նաև 2020 թ-ից հետո Սյունքում է իրականացվել զիջումներ՝ 1976-ի քարտեզի հիման վրա։ Բա ինչու 1976-ի քարտեզը որպես հիմք ամրագրված չէ այս կանոնակարգով։ Եթե դա է հիմքը՝ ինչու ամրագրված չէ։

Ընդհակառակը՝ կանոնակարգում գրված է վերաբերելի քարտեզներ։ Այդ ինչ վերաբերելի քարտեզներ են։ Ադբեջանից հարցրե՞լ եք՝ այդ ինչ վերաբերելի քարտեզներ են։ Իսկ կարո՞ղ է պարզվի իրենց պատկերացմամբ՝ Հայաստանի մի շարք տարածքներ պատկանում են Ադրբեջանին:

Այդ կանոնակարգի մեջ ասվում է՝ սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույց: Ասում եք՝ եկեք հաստատեք կանոնակարգը, գնամ սահմանազատում իրականացնեմ, բայց էս փաստաթղթում ասվում է, որ դեռ նոր պետք է ուղեցույց ստեղծվի՝ քարտեզը որոշելու համար: Սա լո՞ւրջ է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նաև հարցրեց, թե ինչու քննարկում չի սկսվել, թե հաջորդը, որտեղից ենք իրականացնելու սահմանազատումը։ «Ինչո՞ւ եք Տավուշից սկսել, ինչո՞ւ հիմա Ջերմուկի մասին քննարկում չի գնում, ինչու Ներքին Հանդի մասին քննարկում չի գնում: Փաշինյանն ասում է՝ ռազմական ճանապարհով տարածքներ հետ չենք բերելու։ Սահմանազատման գործընթացո՞վ ենք հետ բերելու, բա որտեղ է երևում, որ այդ տարածքները մեզ վերադարձվելու են։ Պարզ հարցեր են, ինչու քարտեզները ամրագրված չեն, և որտեղ է երևում, որ մեր սուվերեն տարածքները վերադարձնելու են մեզ»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչու են մտածում, որ քարտեզները չեն ամրագրվելու կամ ամրագրված չեն։ «Քարտեզները արձանագրությունների մեջ ամրագրվում են, ուղղակի հնարավոր չէ մեկ քարտեզի վրա հղում անել։ Դուք ասում եք՝ միակողմանի զիջումներ, բայց ինչքան ասեք, նույնքան ես կպատասխանեմ, որ նման բան չկա, միակողմանի զիջումների խնդիր չկա։

Գլոբալ իմաստով՝ Գլխավոր շտաբի քարտեզների կազմման գործընթացը տևել է 1974-ից 1978 թթ և այն բաղկացած է մոտավորապես 20 կտորից։ Այդ բոլոր քարտեզները ուժի մեջ են մտել 1979 թ-ին։ Բայց անգամ միայն Գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից և բաց տեղերից, այո մեկ քարտեզի վրա հղում տալը շատ ռիսկային կլինի տալը թե այս, թե որեւէ փուլերում։ Սա է պատճառը, որ քարտեզի վրա հղում չենք տվել։

Ինչ վերաբերում է վերաբերելի քարտեզներին՝ կանոնակարգը չի ենթադրում նկարներ կամ մեկ կողմի կողմից ձևավորված քարտեզներ։ Քարտեզներ՝ նշանակում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ իրավական հիմք և հենք ունեցող պրոֆեսիոնալ տոպոգրաֆիկ քարտեզներ, որոնք իմպերատիվ են եղել 2 հանրապետությունների համար: Սա է ենթադրում կանոնակարգը»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ հայ մարդը վստահ չէ, որ կանոնակարգը հաստատելուց հետո սահմանազատման գործընթացում Հայաստանի օկուպացված տարածքներն արդյոք վերադարձվելու են, փոխարենը փոխվարչապետը նշեց, որ չգիտի այդ հարցի պատասխանը, բայց կանոնակարգը պետք է հաստատվի, որ սահմանազատման գործընթացը շարունակվի։

«Երբ հարցը Ադրբեջանին ինչ-որ տարածքներ զիջելու մասին է՝ անգիր գիտեք, թե որ քարտեզն է՝ այն 1976 թվականի քարտեզն է, նույնն արել եք Սյունիքում, հիմա հերթը հասել է Ջերմուկին, և հարցնում ենք, թե ո՞ր թվականի քարտեզով պետք է դուրս գան, ասում եք, թե դա դեռ պետք է քննարկվի և պետք է հասկանանք։ Այսինքն Տավուշից տարածքներ զիջելը հստակ է, բայց այդ նույն քարտեզով չի՞ երևում, որ Ջերմուկից պետք է դուրս գան, ես ինչ եք ասում, պարոն Գրիգորյան»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Նա նաեւ շարունակեց. «Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ Ադրբեջանը գալու է, ասելու է՝ անկլավների հարցն եմ ուզում բարձրաձայնել, Տիգրանաշենի հարցը: Դուք էլ ասելու եք՝ եկեք Տիգրանաշենի հարցը քննարկենք: Դա համարվելու է վերջնական, բայց Ներքին Հանդի հարցը դեռեւս քննարկման առարկա  չի դառնալու: Այսինքն նախ պետք է հստակեցվեր քարտեզը, որը այստեղ չկա»:

Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ Տավուշում սահմանազատում իրականացվել է 1976 թ-ի քարտեզով, իսկ Սյունիքում՝ 1978 թ-ի քարտեզով։ Հարցին, ինչու չեն նշել դա կանոնակարգում՝ Գրիգորյանն ասաց, որ նպատակահարմար չի նշելը. «Կարելի է փակ քննարկում կազմակերպել, քննարկել՝ ինչու է դա նպատակահարմար, ինչու՝ ոչ։»

1/2051
bottom of page