top of page

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ. ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԿԱՐԵՒՈՐ ՕՐ Է

Մոլդովայում նախագահական ընտրությունները մեկնարկել են ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հետ միաժամանակ։ Տեղական ժամանակով 08.00-ին հանրապետությունում բացվել է 1987 ընտրատեղամաս։



ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս տարի նախագահի պաշտոնի համար կպայքարեն 11 թեկնածուներ։ Սոցիոլոգիական հարցումները գործող նախագահ Մայա Սանդուն համարում են նախընտրական մրցավազքի ֆավորիտ, որի օրոք Քիշնևի և Մոսկվայի հարաբերությունները հասել են վատագույն վիճակի: Նրա հիմնական հակառակորդը նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն է: 


Վերջինս հայտարարել է, որ Սանդուի քաղաքականությունը հակասում է Մոլդովայի շահերին: Ինքը՝ նախկին դատախազը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ կապերի վերականգնման օգտին։


Քվեարկության է դրվում նաեւ Մոլդովայի Սահմանադրությունը եվրոպական կուրսի անշրջելիության մասին դրույթներով համալրելու հարցը։


Ընտրություններին կհետևեն ավելի քան 2 հազար դիտորդներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա դիվանագետներ։


Այս ընտրությունների համար 37 երկրներում բաց է լինելու 231 ընտրատեղամաս։ Իսկ ԱՄՆ-ի, Կանադայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Իսլանդիայի մոլդովացի ընտրողները նույնպես առաջին անգամ փոստով քվեարկելու հնարավորություն են ունեցել։


Քվեարկությունը կավարտվի ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին): Ընտրությունները և հանրաքվեն վավեր կհամարվեն, եթե դրանց մասնակցի ընտրողների մեկ երրորդը։ ԿԸՀ-ն սովորաբար առաջին նախնական արդյունքները հրապարակում է քվեարկության ավարտից հետո մի քանի ժամվա ընթացքում։ Նախագահական ընտրություններում կհաղթի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների առնվազն կեսը։ Եթե դա տեղի չունենա, ապա երկու շաբաթից կկազմակերպվի երկրորդ փուլ, որում կպայքարեն երկու թեկնածուներ։



bottom of page