«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉԻ՞ ՀԱՍԱՆ ԱՅԴ ՔԱՅԼՈՎ` ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՊԱԽԱՐԱԿԵՑԻՆ
- Ani
- Dec 20, 2024
- 2 min read

Ռուսաստանցի, ազգությամբ հայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանից հետ ուղարկեցին՝ ասելով, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Միհրանյանը միակ մարդը չէ, որին արգելել են Հայաստան այցելել։ Զրկվել են Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը, հայամետ կեցվածքով հայտնի Կոնստանտին Զատուլինը եւ ուրիշներ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելն ընկալում են որպես պաշտոնական Երեւանի կողմից ոչ բարեկամական քայլ։
Ժամանակ առաջ լուր կար, որ Փաշինյանը սահմանապահ ծառայություններին արգելել է երկիր թողնել մոտ 40 հոգու, օրերս գրվել էր, որ այդ «սեւ ցուցակը» 550-ից ավելի մարդու անուն է ընդգրկում, որոնց արգելված է Հայաստան այցելել։
Բլոգեր, «Եվրազիա» հիմնադրամի ղեկավար Միքայել (Միկա) Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դա սուտ է. «Այդպիսի ցուցակ գոյություն չունի։ Այդ տեղեկությունը դաշտ նետվեց ոչ այնքան մեծ Տելեգրամ ալիքի կողմից, որը գրում է շատ սենսացիաներ, որոնք իրականության հետ աղերս չունեն։ Այդ տեղեկությունը՝ 550 հոգանոց ցուցակի մասին, ես ստուգել եմ թե՛ ՀՀ ԱԳՆ-ի, թե՛ ռուսական ԱԳՆ-ի իմ աղբյուրների միջոցով, եւ ինձ ասացին, որ դա բացարձակ անհեթեթություն է։ Ավելին, եթե սեւ ցուցակ մտցնելու համար ցուցումներ են տրվում, ապա դա դեսպանը չի կարող անել, այլ Հայաստանի ԱԱԾ-ն է անում»։ Բադալյանը նշեց, թե իր համար զարմանալի է, որ հայտնի լրատվամիջոցներ էլ են այդ ինֆորմացիան արտատպել․ «Դե, իսկ Գուրգեն Արսենյանն էլ տարածված այդ տեղեկատվությանն արձագանքեց, մի լավ ծաղրեց, երեւի հենց դրա համար էլ դա տարածվել է»։
Հարցին, թե երբ Փաշինյան-Պուտին հանդիպումների ժամանակ Փաշինյանը լայն ժպիտով հայտարարում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում ամեն ինչ հիասքանչ է, ինչո՞ւ ՌԴ նախագահը նրան չի հարցնում ՌԴ մի շարք քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելու մասին, Բադալյանն ասաց, որ, իր կարծիքով, դա ՌԴ նախագահի մակարդակի հարց չէ եւ ոչ էլ նրա խնդիրն է․ դա անում է ԱԳՆ-ն, ԱԳՆ-ի խնդիրն է, ու նրանք բավականին կոշտ են արտահայտվել այդ մասին։
«Ի՞նչ ասեմ, իրականում դա ցույց է տալիս հայկական իշխանությունների բացարձակ վախկոտությունն ու չկայացվածությունը, որովհետեւ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան մտնել թողնելուց կամ չթողնելուց որեւէ իրական օգուտ իրենք չունեն՝ միայն իրենց են պախարակում»,- ասաց Բադալյանը։ Իսկ Հայաստան մտնել արգելվում է այն մարդկանց, ովքեր որոշակի մեդիառեսուրսների են տիրապետում՝ ասում է Միքայել Բադալյանը։ Մեդիառեսուրսներ ունեցողներն են Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը, Զատուլինը, Արամ Գաբրիելյանովը եւ, իհարկե, Անդրանիկ Միհրանյանը, որը ռուսական ֆեդերալ ալիքների տարբեր քաղաքական հաղորդումների մշտական հյուրն է։
«Ես առավել քան վստահ եմ, եթե ունենայի երկրորդ քաղաքացիություն, ապա ինձ էլ, ինչպես նրանց, կարգելեին Հայաստան մուտքը։ Որովհետեւ ես էլ ունեմ ինֆորմացիոն ռեսուրս, ինֆորմացիոն կշիռ։ Փառք Աստծո, ես միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ու չեն կարող իմ մուտքն արգելել»,- ասաց բլոգերը։ Իսկ նպատակներից մեկը ցույց տալն է Արեւմուտքի տերերին, որ իրենք այդպես նվաստացնում են, պայքարում են, իրականում` ռուս-հայկական թշնամանք են հրահրում։ «Պետք է հիշել, որ Փաշինյանը ժուռնալիստ է, եւ ինքը շատ է վախենում մարդկանցից, ովքեր ունեն այդ նույն ինֆորմացիոն կշիռը։ Նա շատ է վախենում աղմուկից եւ նրանցից, ովքեր կարող են իրեն հենց իր դաշտում հաղթել։ Դրա համար էլ նա փակում է նրանց ճանապարհը»,- եզրափակեց Միքայել Բադալյանը։