Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. «Հետք»
- May 24, 2025
- 1 min read
Երեկ՝ 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել:
Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025թ. հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու՝ Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024 թվականի թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների համապատասխանությունը՝ դրանք ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշենք, որ ավագանու որոշման այս կետերով կարգավորվում են վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» դրույքաչափերը:
Վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, արձանագրել է, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Ցանկացած վարչարարություն ենթարկվում, ստորադասվում է օրենքին թե՛ ըստ ձևի, թե՛ ըստ բովանդակության, հետևաբար վարչարարությունը եզրափակող իրավական ակտերը նույնպես պետք է համապատասխանեն օրենքին:
Դատարանն արձանագրել է՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար փոխհատուցման վճարների դրույքաչափերը սահմանելու իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս վարչական մարմինը չի առաջնորդվել համաչափության սկզբունքով, քանի որ չի հիմնավորվում ընտրված միջոցի և անհրաժեշտ ծախսերի միջև արդարացի հավասարակշռումը՝ խախտելով օրենքի պահանջները:
Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը՝ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջը, վարչական դատարանը մերժել է:






















