ՆԻԿՈԼ, ՈՐ ՄԵԴԱԼԸ ԼԱՎ ԲԱՆ Է, ՄԻ ՔԱՆԻՍՆ ԷԼ ՔՈ ԴՈՇԻՆ ԿՊՑՐՈՒ
- Ani

- Oct 12, 2024
- 2 min read

Սովետ Միություն էր, բրեժնևյան շրջանը։ «Զանգեզուր» թերթում էի աշխատում։ Լուսավոր, պայծառ ուղեղներով լրագրողներ ունեինք։ Հիմա մի Նիկոլի հախից չենք կարողանում գալ, իրենք Սովետի դեմ էին կռվում։ Զոհրաբյան Էդիկի մասին եմ պատմելու, տաղանդավոր արձակագիր էր, բանիմաց լրագրող։ Կինն էլ Գորիսում կուսշրջկոմի քարտուղար էր, բոլորին դողացնում էր իր պահանջկոտությամբ։ Ամեն օր թերթում գրում էինք, թե Բրեժնևը ինչ նոր մեդալ ստացավ։ Բան ու գործ չունեինք։ Բրեժնևի մեդալներով զարդարված, մեդալների տակ կուչ եկած նկարներն էինք գցում, Էդիկն էլ պատասխանատու քարտուղարն էր, նյութերը գցում ու քթի տակ ասում էր՝ զզվեցինք պրծանք, էլ բան ու գործ չունենք։ Մի օր էլ լսում ենք, որ Էդիկը Մոսկվա նամակ է ուղարկել։ Այն ժամանակ պաշտոնական նամակները, առավել ևս լրագրողից, չէիր կարող առանց կուսշրջկոմի հետ համաձայնեցնելու ուղարկել։
Էդիկը նամակը Բրեժնևին էր ուղարկել։ Կուսշրջկոմում նրան համոզում են, որ նամակը հետ վերցնի, ասում է՝ չէ՜ որ չէ՜ գնալու է։ Ասում էր՝ Բրեժնևը «մեդալների գիժ է» , պիտի հիշեցնեմ, որ մի մեդալ չի ստացել ու չի էլ կարող ստանալ։ Այդ ժամանակ բազմազավակ մայրերի մեդալ կար, որ ահագին փայլփլուն տեսք ուներ։ Խոսքը այդ մեդալի մասին էր։ Գրել էր (բառացի չեմ հիշում)՝ «Ընկեր Բրեժնև, միայն մի մեդալ է մնում, որ ստանաս, ինչպե՞ս օգնենք, որ այդ մեդալն էլ ստանաս»։ Ինչքան պայքարեց, չարչարվեց, չկարողացավ նամակն ուղարկել։ Երևանում նրան ասացին՝ այ տղա, գլխիցդ ձե՞ռք ես քաշել։ Կնոջդ Սիրբիր կուղարկեն, քեզ էլ հետը։
Հիմա Արգիշտի Քյարամյանն է։ Ես մեդալներով զարդարված այս տղային ոչինչ չունեմ ասելու, ինքը խոսում, ես Նիկոլի հետ եմ կռվում՝ մեղք չի՞ էդ տղան, մեդալների տակ ճկռել է։ Մեդալներով մեկին զարդարել, բերել, դեմ է տվել հանրությանը, որ հավատա՞նք իր ասած խոսքին։ Հավատա՞նք, որ ասում է՝ «Այս գործերով 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք։ Շուրջ 100-ի վերաբերյալ քննարկումներ են ընթանում գործերը ավարտել և դատարան ուղարկելու վերաբերյալ»։
Հավատա՞նք, որ 44-րյա պատերազմը գլխավոր, գերագույն մեղավոր չունի։ Փողոց դուրս արի, պատահած մեկին հարցրու, թեկուզ երեխայի՝ պատերազմի պարտության պատճառը ո՞րն է։ Իսկույն, ոտանավորի պես անգիր կասի։ Հանրությունը այդ մեկի անունին է սպասում։
Մեդալակիր տղայի կենսագրությունը վիքիպեդիայում կա, բայց մեդալները, որոնք ստացել է Նիկոլի օրոք, չկան։ Պատերազմը խայտառակ տանուլ տված երկրում ի՞նչ մեդալ։ Նիկոլ, որ մեդալը լավ բան է, մի քանիսն էլ քո դոշին կպցրու, ի՞նչ ես մեդալների ծանրության տակ տակ գետնին պառկեցրել։ Զարմանում եմ, որ Արգիշտին չի դիմադրում։ Այ տղա, էդ մեդալների պատասխանը դու ես տալու։ Դու էլ հո գլխներիս Բրեժնեվը չես, որ ինքն էր իրեն մեդալ տալիս ու ոչ մեկին պատասխան չուներ տալու։




















