top of page

ՄԵՆՔ ՆԵՐՈՒՄ ՉԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ, ԵԹԵ ՁԱԽՈՂԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐՇԱԿ ՍՐԲԱԶԱՆ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 6, 2024
  • 2 min read

Updated: Oct 7, 2024

ree

Ոմանց խեղված ընկալումներում Եկեղեցու առաքելությունը պիտի սահմանափակվի բացառապես ծիսակատարություններով ու կրոնական խնդիրներով։ Եկեղեցու առաքելությունը ներառում է հասարակական կյանքի անխտիր բոլոր ոլորտները և բոլոր խնդիրները։ Չկա մի հարց, ուր Եկեղեցին զրկված է իր դիրքորոշումներն ու տեսակետները արտահայտելու իրավունքից։ Մայր Տաճարում այսօր տեղի ունեցած քարոզի ժամանակ ասել է գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:



Նա նկատել է, որ հաճախ են օտարների և որպես յուրային ներկայացողների կողմից սադրիչ հարցադրումներ բարձրացվել, թե՝ ի՞նչ իշխանությամբ է գործում Սուրբ Էջմիածինը և Հայոց Եկեղեցին։ Այսօր էլ մեղադրական նույն շեշտադրումներով փորձ է արվում կասկածի տակ առնել Եկեղեցու հեղինակությունն ու իշխանությունը։


«Ոմանք փորձում են խեղաթյուրել Եկեղեցու առաքելությունը և Եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների և թյուրըմբռնումների պատանդը՝ փորձելով ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին։ Ոմանց խեղված ընկալումներում Եկեղեցու առաքելությունը պիտի սահմանափակվի բացառապես ծիսակատարություններով ու կրոնական խնդիրներով։


Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը, նշանակում է պատկերացում չունենալ Եկեղեցու էության, նրա կոչման և պատմական առաքելության վերաբերյալ», - ասել է Արչշակ Սրբազանն ու ընդգծել, որ եկեղեցու առաքելությունը ներառում է հասարակական կյանքի անխտիր բոլոր ոլորտները և բոլոր խնդիրները։ Չկա մի հարց, ուր Եկեղեցին զրկված է իր դիրքորոշումներն ու տեսակետները արտահայտելու իրավունքից։ Եկեղեցին և եկեղեցականությունը կաշկանդված են միայն ու միայն աստվածային օրենքներով ու պատվիրաններով, որը ներառնում է նաև օրինապահություն և հասարակական կարգի պահպանություն։


Եկեղեցին ևս, ինչպես նշել է Արշակ Սրբազանը, Հիսուսի նման, չի պատասխանելու իր հեղինակությունն ու իշխանությունը կասկածի տակ առնող սադրիչ հարցադրումներին, թե՝ Ի՛նչ իշխանությամբ է գործում։


«Այս հարցի պատասխանը տվել է մեր ժողովրդի պատմությունը։ Այս հարցի պատասխանը այսօր տալիս է նաև վերաօծված այս Սուրբ Տաճարը և այս Սուրբ Տաճարի շուրջ համախմբված համայն հայ ժողովուրդը։ Այս Եկեղեցին Սուրբ է, և այս Եկեղեցով սրբանալու հույս ու շնորհ ենք ստանում նաև մենք՝ ամենքս՝ Քրիստոսի անունով հավաքված հավատացյալներս՝ եկեղեցականներ և աշխարհականներ, մեծեր ու փոքրեր, կանայք և տղամարդիկ, ծերեր և երիտասարդներ։ Քրիստոսին հավատացողներին երբեք ու երբեք չի կարող լքել սրբանալու ձգտումն ու կատարելագործվելու մղումը», - հայտարարել է Արշակ Սրբազանն ու ավելացրել. «մենք զավակներն ենք այս Սուրբ Եկեղեցու։ Լինել զավակ՝ նշանակում է ճանաչել Եկեղեցու իշխանությունը և հնազանդվել։ Փորձել ներկայանալ Եկեղեցու հետևորդ՝ բայց ունկնդիր չլինել Եկեղեցու ձայնին՝ նշանակում է կամավորաբար հրաժարվել Եկեղեցու անդամությունից։ Եկեղեցու խոսքը ուղղված է իր զավակներին։ Նրանք, ովքեր կամավորաբար հրաժարվում են Եկեղեցու անդամությունից, նրանց բաժինը ուրացողների և դավաճանների հետ է։ Մենք պատմական ժողովուրդ ենք՝ պատմական առաքելությամբ, և այդ պատմական առաքելությունն իրականացնելու բացառիկ պատասխանատվությամբ։ Մենք ներում չենք ստանալու ո՛չ Աստծուց, ո՛չ մեր նախնիներից և ո՛չ էլ ապագա սերունդներից, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը։ Այս Սուրբ Տաճարի վերաօծումը նոր հույս ու նոր լույս է բերում մեր կյանքին, նոր հորիզոններ բացում մշուշոտ ապագաների մեջ։


Թող Աստված իմաստությամբ շնորհազարդի մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ արիությամբ հաղթահարելու ժամանակի հարուցած մարտահրավերները և անվրդով խաղաղության մեջ պահի մեր երկիրը, անվտանգ ու բարօր կյանքի մեջ՝ մեր ժողովրդին, այստեղ և ամենուր․ ամեն»։


Արշակ Սրբազանի քարոզը՝ Մայր տաճարում



1/2466
bottom of page