top of page

«Սպիտակով» եկած՝ «Սևով» գնացող Մարությանը կդառնա՞ նորից շատերի սիրելի «կարգին Հայկոն»

Nov 20, 2022
2 min read


«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր»։ Սա Հայկ Մարությանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 2-ի քարոզարշավում արած հայտարարությունն է։ Նիկոլ Փաշինյանի հետ քայլած Մարությանն առաջինն էր, ով քաղաքական դաշտը բաժանեց «սևերի և սպիտակների»։


«Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։


Կարծեք թե այսօրվա իրականությունն այլ բան է հուշում։ Այսօր, երբ գործող իշխանությունը պատրաստվում է անվստահություն հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հասկանալի է, որ Մարությանի առաջ քաշած բաժանումը իրեն էլ չշրջանցեց։ Իսկ ինչպես և որտեղից սկսվեց այս ամենը․ կարծեք թե տարաձայնությունների շղթան սկսվեց այն ժամանակ, երբ պատերազմից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը ՔՊ-ից դուրս եկավ ու կտրուկ խզեց կապերն իշխանության հետ։ Իշխանական լրատվամիջոցները նշում են, որ տարօրինակ կերպով ամեն ինչ փոխվեց, երբ Մարությանը պատերազմի օրերին հայտնի գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ, որի հետ նա ունի քավոր-սանիկական հարաբերություններ, մեկնեց Արցախ:


Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ հետաքրքիրն այն է, որ իշխանության կողմից բազմիցս առաջ է քաշվել Քոչարյանի հետ հանդիպումների վարկածն այն մարդկանց հետ, ովքեր դուրս են եկել ՔՊ-ից, ըստ էության, այդ հնարքը ՔՊ-ի «խաղաթուղթն» է՝ հեռացողներին որակավորելու նկատառումով։


Վերադառնալով Մարությանին՝ նկատենք, որ այսօր արդեն նրա գործունեությունն ու կատարած աշխատանքը քաղաքացիների մի մասի կողմից բավականին դրական է գնահատավում, սակայն մի խմբի համար նա այդպես էլ մնաց դերասան, ում երբեք չտեսան քաղաքապետի պաշտոնում։ Կարելի է ենթադրել, որ Հայկ Մարությանի՝ ՔՊ-ից դուրս գալը կարող էր հարաբերությունների վատթարացման առիթ հանդիսանալ։ Եղան նաև որակումներ իշխանական թևից, զորօրինակ՝ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի դիրքորոշումը Մարությանի վերաբերյալ՝ «Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում։» Իսկ իրականում որքանով է դա այդպես, թողնում ենք հանրությանը դատելու՝ ըստ Մարությանի կատարած աշխատանքների։ Այժմ արդեն «սևի» որակավորում ստացած Հայկ Մարությանը կզբաղվի՞ արդյոք իր նախկին աշխատանքով և որ ամենակարևորն է՝ հանրությունը կընդունի՞ նրան նորից այնպիսին, ինչպիսին էր մինչ 2018 թվականը՝ սպիտակով եկած՝ սևով գնացող քաղաքապետ «կարգին Հայկոն»։


Մերի Գևորգյան

 
 
1/2967
bottom of page