top of page

1915-Ի ՀՈՒՇԵՐԻՑ ՄԻՆՉԵՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱԿԱԲՈՒՅԾ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Ընթացիկ ամռանը հանրային զվարճախոսությունների առաջին հորիզոնականում երեւի Նիկոլ Փաշինյանն էր։ Օգոստոսին, բոլորը կհիշեն, ինչպես էր մարզային այցերից մեկի ժամանակ բառացիորեն թութակել․



«Հեռուստատեսությամբ խոսում եմ, Facebook-ում խոսում եմ, Instagram-ում խոսում եմ, Tiktok-ում խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ, արթուն խոսում եմ...»: Վերջում էլ զարմացել էր, որ իրեն ոչ ոք չի լսում։ Այդքան խոսողին ո՞վ կլսի... Մարդիկ սովորաբար խոսքով ընդհատում են լռությունը, ոչ թե այնքան են լեզվին տալիս, որ վերջնահաշվում լռությունը ընդհատի խոսքը, ունկնդիրներն էլ այդ լռությունը փնտրեն։ Հետո էլ խորհրդարանում էր միացել, չէր անջատվում․ «Էլի փող տուր՝ էլի խախտի, էլի փող տուր՝ էլի խախտի, էլի փող տուր՝ էլի խախտի... խախտի՝ փող տուր, փող տուր՝ խախտի, խախտի՝ փող տուր, փող տուր՝ խախտի...»: Այնքան էլ ռիթմիկ էր թութակում, որ համացանցում երաժշտական ձայնակցություն դնելով՝ դա rapping-ի էին վերածել։ 


Նման վարքը, անշուշտ, անվայել ու անպատվաբեր է որեւէ անձի համար, առավել եւս՝ վարչապետի պաշտոնում հայտնված մեկի։ Բայց դա արտաքին, երեւութական կողմն է։ Փաշինյանի վարքը նաեւ ներքին, բովանդակային առումով է հայտնի անեկդոտի թութակի վիճակին հասել։ Անեկդոտի հերոսը մի թմրամոլ է, որը թութակ ունի եւ հանկարծ պարզում է, որ թութակը կուլ է տվել իր թմրանյութերը։ Զայրանում է, բղավում է, այս-այն, վերջում էլ, տնից դուրս գալիս, թութակին սպառնում է․ «Եթե հաջորդ անգամ իմ հաբերը կուլ տաս, քեզ կսպանեմ, վիզդ կկտրեմ, փետուրներդ կպոկեմ»... Վերադառնալով տեսնում է՝ թութակը բոլոր հաբերը կուլ է տվել եւ սեփական փետուրները պոկոտելով՝ երգում է. «Մեզ փետուրներ պետք չեն...»։ 


Թե անեկդոտի թութակից չտարբերվող անգիտակից վարքով, անհագ հեծանիվ վարելով Փաշինյանն ուր հույս ունի երկիրը հասցնել, հուսանք, գոնե ինքը գիտի։ Բայց այս հոդվածը բնական արգելոցների գոյության հարցում Փաշինյանի մտավոր դեգերումների կամ հայրենասիրության անդաստաններում հոգեկան տվայտանքների մասին չէ, այլ՝ շատ ավելի հողեղեն երկու փաստի եւ իրողության։ Նախ՝ նրա, որ Հայաստանում սահմանադրությանը, իրավունքի նորմերին, բարոյականությանն ու բանականությանը հակասելով՝ 2016-ից իրավակիրառական պրակտիկայի այնպիսի սարդոստայն է հյուսված, որ հնարավոր չլինի արտերկրից հայաստանյան մշակութային, գիտական, ուսումնական հաստատություններին որեւէ նվիրաբերություն անել, հայկական մշակութային արժեքները չհանգրվանեն Հայաստանում, մնան աշխարհում սփռված, թեկուզ՝ կորստյան մատնվեն։ Հուսանք՝ դա գոնե հաշվարկ եւ դիտավորություն չէ։


Երկրորդ․ երբ լրագրողական հետաքննությամբ փորձում էի պարզել, թե ինչպես է նման դատապարտելի պրակտիկա Հայաստանում հաստատվել, եւ դրանում ինչ դեր ունի երեւի Ռ․ Քոչարյանի ժամանակներից ժառանգություն մնացած մի կառույց, որ կոչվում է Բարեգործական հանձնաժողով եւ փոխվարչապետների պատասխանատվության ներքո է գործում, հընթացս բացվեց կառավարություն շենքում տիրող մի ծաղրանկարային պատկեր։ Պարզվում է՝ երբ Փաշինյանն աշխարհը, իրականությունը, վարչապետի խնդիրները թողած հեծանվասպորտով է զբաղվում, վարչապետ-փոխվարչապետների աշխատակազմերն էլ՝ Փաշինյանի օրինակով, Աստված գիտի, թե որտեղ են шалить и дурачиться լինում։ Ամեն պարագայում, այդ մակաբույծները գրեթե համատարած կառավարության շենքում չեն, հեռախոսազանգերի չեն պատախանում, չեն աշխատում։ 


Օսմանյան կայսրությունից ավելի վնասակար 


Ամեն ինչ սկսվեց օգոստոսյան շատ սովորական աշխատանքային մի օր։ Այդ օրն Էջմիածնում Մայր Աթոռի արքեպիսկոպոսներից մեկին էի հանդիպել, ով Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց միաբանությունից է, ապրում եւ աշխատում է հիմնականում Վաշինգտոնում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդում բարձրաստիճան դիրք ունի, եւ հանդիպման առիթն ու թեման էլ Երուսաղեմին էր առնչվում։ Հանդիպման վերջում Սրբազանը խոսքի մեջ ասաց, որ Նիդեռլանդիայում գտնվող իր անձնական գրադարանը, որ աստվածաբանական, փիլիսոփայական, կրոնագիտական գրականություն է, տարբեր լեզուներով, տարբեր ժամանակներում հրատարակված, մոտ 1000 կտոր գիրք, որոշել է նվիրել Մայր Աթոռի Մատենադարանին։ Գրքերը փաթեթավորվել տեղափոխվել են Բրյուսել եւ 10 օրից ավելի տրանսպորտային պահեստում են, քանի որ Հայաստանի մաքսային, հարկային սահմանը հատելու հետ կապված՝ բյուրոկրատական քաշքշուկ է ծագել։ 


Հանդիպման ընթացքում Սրբազանը նաեւ մի արծաթյա խաչ ցույց տվեց․ շատ անսովոր ու գեղեցիկ խաչ էր։ Պարզվեց՝ Մուշի Սուրբ Կարապետ վանքի ծիսական իրերից է, որ 1915-ի ցեղասպանությունից հետո ձեռքից ձեռք անցնելով՝ ի վերջո, Սրբազանի մոտ է հայտնվել, ինքն էլ հիմա նվիրում էր Մայր Աթոռին։ Ես էլ Սուրբ Կարապետ վանքի կապակցությամբ Սրբազանին պատմեցի, որ իմ տատիկի հայրը եղել է մեկը Մուշի այն բնակիչներից, որին ցեղասպանության ժամանակ վստահվել են Սուրբ Կարապետ վանքի ծիսական իրերը, որպեսզի, եթե ողջ կմնա, հասնի Արեւելյան Հայաստան, դրանք հանձնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Բարեբախտաբար, այդպես էլ եղել է․ այդ տատիկիս հայրը, նաեւ՝ հորեղբայրները, գերդաստանը համարյա առանց զոհերի հասել են Արեւելյան Հայաստան, անգամ 1918-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի ճակատամարտերին են մասնակցել։ Եվ մեր տանը՝ ընտանեկան արխիվում պահվում է այն բնօրինակ թուղթը, ստացականը, որով տատիկիս հայրը Մուշի Սուրբ Կարապետում իրեն տրված ծիսական պարագաները՝ սրբապատկերներ, Աստվածաշունչ, «Նարեկ», խաչվառ, աշտանակներ եւ այլն, հանձնել է Մայր Աթոռին։ Ինչպես թղթում է արձանագրված, իրերը եղել են արծաթյա (գրքերը՝ արծաթակազմ), ինչպես հիմա Սրբազանի մոտ գտնվող խաչն էր։ 


Պարզ է, որ Սուրբ Կարապետ վանքի խաչ տեսնելով՝ վայրկենական ասոցիացիան ինձ մոտ տատիկի ընտանիքի հետ էր, մեր տանը պահվող ստացականի, գաղթի ճանապարհների պատմությունների, հազարավոր անանուն մարդկանց նվիրումի գնով փրկված հայկական իրերի ու ժառանգության։ Եվ ինչ կզգաս, երբ խոսակցության վերջում պարզվի, որ 1915-ին ցեղասպանության, կողոպուտների, ավերածության, գաղթի ու մահերի մեջ մարդիկ կարողանում էին հայկական մշակույթի իրերը փրկել, բերել Հայաստան, մինչդեռ այսօրվա Հայաստանում, որ ազգային պետություն է, որի Սահմանադրությունում ամրագրված է․ «Հայոց լեզուն եւ մշակութային ժառանգությունը պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են», անգամ հայաստանյան գրադարանի գրքեր նվիրաբերելն է խնդրի վերածվել։ 


Իսկ եթե մի սփյուռքահայ կամ օտարերկրացի, դիցուք, միլիոն դոլարի արժողությամբ մի կտավ ցանկանա նվիրել հայաստանյան որեւէ պատկերասրահի, ընդհանրապես՝ nonsense-ի ժանրի սյուժե կունենանք։ Կտավի՝ ՀՀ սահման հասնելուց հետո նվիրաբերող անձը կամ ստացող պատկերասրահը պետք է մոտ 200 հազար դոլար գումար (կտավի արժեքի 20%-ը), գումարած ինչ-որ մաքսատուրք վճարի Հայաստանի Հանրապետությանը, որ պետությունը թույլ տա՝ կտավը ֆիզիկապես Հայաստանի տարածք մուտք գործի եւ պատկերասրահին նվիրվի։ Անհեթեթության չափը պատկերացրի՞ք․.. Ո՞վ դրանից հետո Հայաստանին որեւէ նվիրաբերություն կանի։

Այժմ՝ ինչպես է հնարավոր եղել այսպիսի վնասակար, ազգադավ, գրեթե մշակութային ցեղասպանության տարրեր ներառող իրավակիրառական սարդոստայն հյուսել։ 


Շան գլուխը թաղված է Հարկային օրենսգրքում 


Ինչպես արդեն ասացի, ՀՀ Սահմանադրությունն ունի հոդված, որում ամրագրված է․ «Հայոց լեզուն եւ մշակութային ժառանգությունը պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են» (հոդված 15):

ՀՀ Քաղաքացիական օրենս-գրքում էլ գոյություն ունի 605-րդ՝ «Նվիրաբերություն» հոդված, որը սահմանում է այդ հասկացությունը եւ ինստիտուտը․ «1. Նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով: Նվիրաբերություններ կարող են արվել քաղաքացիներին, բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական եւ ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական եւ կրոնական կազմակերպություններին, ինչպես նաեւ՝ պետությանն ու համայնքներին: 2. Նվիրաբերությունն ընդունելու համար որեւէ մեկի թույլտվություն կամ համաձայնություն չի պահանջվում»։ 


Հակառակ այս իրավաչափ, բանական ու բարոյական կարգավորումների, ՀՀ Հարկային օրենսգիրք գրողները, ընդունողներն ու գործադրողները (գրվել եւ ընդունվել է Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ին, ինքնամոռաց գործադրվում է ՔՊ-ի կողմից) ամեն ինչ այնպես են գլխիվայր շուռ տվել, ինքնագլուխ խեղել ու սարդոստայն հյուսել, որ հանկարծ մեկն արտերկրից չկարողանա Հայաստանի մշակութային, ուսումնական, կրոնական, գիտական հաստատություններին որեւէ նվիրաբերություն անել։ Սկզբում՝ 2016-ին, հակառակ այն բանի, որ Քաղաքացիական օրենսգիրքը սահմանել է «նվիրաբերության» ինստիտուտ, Հարկային օրենսգրքում ոչինչ չեն գրել, չեն կարգավորել «նվիրաբերության» առնչությամբ։ Հաջորդիվ, «ձիու քայլով» իրավակիրառ պրակտիկայում ինքնահնար համարել են, որ եթե Հարկային օրենսգրքում ոչինչ չկա «նվիրաբերության» մասին, ուրեմն դա ներմուծում է եւ պետք է հարկվի, ինչպես սպառման եւ շահույթի համար արվող ներմուծումը... «Просто гениально!»։ 


Եվ դա՝ այն դեպքում, երբ բնական իրավունքի, մարդու հիմնարար ազատությունների բարձր մատերիաները եթե մի կողմ էլ թողնենք (օրինակ՝ այն, որ չի կարող անալոգիայով անձի վրա պարտականություն կամ պատասխանատվություն դրվել) ՀՀ սահմանադրությունում էլ ամրագրված է․ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով» (հոդված 6), «Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով» (հոդված 39): 


ՀՀ Հարկային օրենսգրքում կա՞ դրույթ, որ մարդը պարտականություն ունի՝ նվիրաբերություն անելու կամ ընդունելու համար հարկ մուծել։ Ոչ եւ ոչ։ Հետեւաբար, նախկին եւ ներկա իշխանությունները, ինչպես ձեռք-ձեռքի տված Հարկային օրենսգիրք են ընդունել ու գործադրում, այդպես էլ նոր հոդված թող ավելացնեն օրենսգրքում՝ ՀՀ-ում նվիրաբերությունը հարկելու մասին, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 2-րդ մասն էլ հանեն։ Եթե այդքանը չեն անում, ուրեմն չեն կարող նվիրաբերություն հարկել։ Իսկ չեն անում ոչ այն պատճառով, որ բարոյականություն ունեն կամ գիտակցություն, զգուշանում են նման ընչաքաղցություն ի ցույց դնելուց խայտառակվել։ Դրա համար էլ օրենսդրական ֆասադից հեռու, իրավակիրառական պրակտիկայում են բնական իրավունք, հիմնարար ազատություններ, Սահմանադրություն ոտնահարելով, վրայից աջուձախ քայլելով՝ նվիրաբերություն հարկում։





1/1846
bottom of page