top of page

Ղազախստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաչինական պլացդարմի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 2 min read


Ղազախստանում շարունակվում են հակակառավարական ցույցերը՝ ցուցարարները գրավել են մի շարք կառավարական շենքեր, իսկ Ղազախստանի նախագահը խնդրել է ՀԱՊԿ-ին միջամտել՝ երկրում իրավիճակի կայունացման նպատակով:


Ղազախստանը, գտնվելով Կենտրոնական Ասիայի միջնամասում, ունենալով նավթագազային և այլ ռեսուրսներ, ելք դեպի Կասպից ծով՝ գեոպոլիտիկ հետաքրքրություններ է առաջացնում թե́ Արևմուտքում, թե́ ՌԴ-ում և Չինաստանում:


Նշենք, որ Ղազախստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, սերտ տնտեսական, էներգետիկ կապեր ունի ՌԴ-ի հետ և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ունենալ գեոպոլիտիկ ենթատեքստ: Արևմուտքը կարող է օգտագործել Ղազախստանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակն ու արդարացի դժգոհությունն ու այն ուղղորդել այլ հունով՝ Ղազախստանում գունավոր հեղափոխություն իրականացնելով և իշխանության բերելով հակառուսական, հակաչինական ուժերի, որոնք դուրս կբերեն Ղազախստանը ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից՝ ռուսական ազդեցության գոտուց և ՌԴ-ի հարավային սահմանների երկայնքով կստեղծեն նոր հակառուսական, հակաչինական պլացդարմ:


Ղազախստանում իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից, ինչի մասին է խոսում ՀԱՊԿ-ին դիմելու ղազախական իշխանությունների քայլը: Ղազախստանով է անցնում չինական Մետաքսի ճանապարհի կարևոր հատվածներից մեկը՝ Տրանսկասպյան էներգետիկ-տրանսպորտային միջանցքը՝ Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա: Բացի այդ, Ղազախստանը նավթ և գազ է արտահանում Չինաստան՝ Պեկինի համար Չինաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն ունեն կենսական նշանակություն:


Տնտեսական, սոցիալական խնդիրները կարող են լինել միայն պատճառ՝ գունավոր հեղաշրջման սցենարը կյանքի կոչելու համար: Նշվում է, որ Ղազախստանում տարբեր քրեական գործերով անցնող օլիգարխ Մուխթար Աբլյազովը ֆինանսավորում է ցուցարարներին՝ կոչ անելով ուժայիններին միանալ ցուցարարներին: Աբլյազովը տարիներ շարունակ բնակվում է Եվրոպայում՝ այս պահին նա գտնվում է Ֆրանսիայում:


Հիշեցնենք, որ Ղազախստանը բազմազգ երկիր է, այնտեղ բնակվում են նաև հայեր և ադրբեջանցիներ և հնարավոր է օտար ուժերը ցանկանան ազգամիջյան բախումներ հրահրել Ղազախստանում՝ հասնելով Ղազախստանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով:


Այսպիսով, Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ Կենտրոնական Ասիայի այլ երկրների վրա՝ այնտեղ նույնպես կարող են սկսվել հակակառավարական ցույցեր: Կենտրոնական Ասիան սահմանակցում է Աֆղանստանին և այդ երկրներում հեղափոխությունները կարող են պարարտ հող ստեղծել տարբեր իսլամիստական շարժումների համար: ՌԴ-ն և Չինաստանը բոլոր գործիքակազմերով փորձելու են կայունացնել իրավիճակը Ղազախստանում՝ իրենց հարևանությամբ «նոր Սիրիա» չստանալու համար:


 
 
1/2519
bottom of page