ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԱՉՔ ԴՆԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ. ՀԱՏՈՒԿ ԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ
- Ani

- Oct 22, 2024
- 2 min read

Արցախը հայաթափած, արցախցիներին բռնի տեղահանած, հրի ու սրի մատնած, տարագիր դարձրած Ադրբեջանի իշխանական քարոզչամեքենան կրկին լծվել է հակահայկական արշավին՝ «տարածքային և այլ պահանջներ ներկայացնելով Հայաստանին»:
«Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված էթնիկ ադրբեջանցիների՝ հայրենիք վերադարձի համար պայքարը նոր մակարդակի է հասնում»։ Այս մասին գրում է ադրբեջանական Մինվալ-ը և հիշեցնում, որ ի պատասխան Միլի Մեջլիսին ուղղված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» դիմումի, խորհրդարանի խոսնակի հրամանով ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու նախաձեռնող խումբ, որը կղեկավարի պատգամավոր Ազիզ Ալեքբերովը»։
Պարբերականի վերլուծաբան Նուրանին պնդում է, թե «նման նախաձեռնող խմբի առկայությունը հնարավորություն կտա խորհրդարանական դիվանագիտության մեխանիզմները կապել Արևմտյան Ադրբեջան (Բաքվում այդպես են անվանում ԽՍՀՄ տարիներին Հայաստանում ադրբեջանցիներով բնակեցված տարածքները-Խմբ.) վերադառնալու թեմային։ Այսինքն՝ բարձրացնել այդ հարցը միջխորհրդարանական հանդիպումներում, քննարկել այլ երկրների գործընկերների հետ, որտեղ նրանք բախվում են նմանատիպ խնդիրների և այլն»։
«Առաջին հերթին անհրաժեշտ է, թեկուզ անընդունելի ուշացումով, սկսել ուսումնասիրել այն ամենը, ինչ տեղի է ունեցել ութսունականների վերջին Արևմտյան Զանգեզուրում և Գոյչայում (նկատի ունեն Սևանի ավազանը, ներկայիս՝ Գեղարքունիքի մարզը-Խմբ)։ Այսինքն՝ լսել վկաներին, փաստաթղթավորել ցուցմունքները եւ այլն։ Հստակ մշակել այն չափանիշները, որոնցով կորոշվի գույքային վնասի չափը։ Ի վերջո, պետք է պարզել, թե ով է համարվում այս «էթնիկ զտումից» տուժողը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանից ադրբեջանցիների մի քանի բռնի տեղահանումներ են եղել»,-պատմական ակնհայտ փաստերը գերազանցապես խեղաթյուրելով շարունակել է Նուրանին:
Նա նշել է, որ գործընթացի շրջանակում «կարող է քննարկվել Հայաստանից արտաքսման ենթարկված անձանց և նրանց ժառանգների համար Ադրբեջանում հատուկ կարգավիճակ մտցնելու հարցը»։
«Այո, ԽՍՀՄ փլուզման թեժ պահին Հայաստանից փախստականներին Ադրբեջանի քաղաքացիություն տրվեց ընդհանուր հիմունքներով։ Այն ժամանակվա իշխանությունների՝ ի դեմս նախ Աբդուրահման Վեզիրովի, ապա՝ Այազ Մութալիբովի, որոնց մտքով ուղղակի չէր անցել, որ Հայաստանում եկած ադրբեջանցիները պետք է ինչ-որ հատուկ կարգավիճակ ունենան: Սակայն այժմ այս սխալը կարելի է ուղղել, ընդ որում՝ ներառելով անցյալ տեղահանություններից տուժածներին և նրանց ժառանգներին»,-եզրափակում է վերլուծաբանը՝ մեղադրանքի սլաքներն ուղղվելով նաև Ադրբեջանի նախկին նախագահների վրա:




















