Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը պարգևատրվել է I (առաջին) աստիճանի մեդալով
- 1 hour ago
- 1 min read

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը, ի նշան խորին երախտագիտության՝ հայ և բուլղար ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերի զորացմանն ուղղված իր ծառայության, ցուցաբերած հոգևոր աջակցության, ինչպես նաև «Կիրիլյան այբուբենի պուրակի» առաքելությանն ու գործունեությանը բերած նշանակալի ավանդի համար, արժանացել է «Բուլղարական այբուբենի թանգարանին մատուցած ծառայությունների համար» I (առաջին) աստիճանի մեդալի։
Պարգևը Սրբազան Հորը հանձնել է մշակութային և պատմական համալիրի հիմնադիր Տիար Կարեն Ալեքսանյանը։ Պարգևատրման հանդիսավոր արարողության ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է հայ և բուլղար ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև ձևավորված հոգևոր, մշակութային և պատմական ամուր կապերի շարունակական զորացման կարևորությունը։
Շեշտել է նաև երկու ժողովուրդների հարուստ պատմական և հոգևոր ժառանգության պահպանման, արժևորման ու գալիք սերունդներին փոխանցման առաքելությունը։ Իր խոսքում Սրբազան հայրը, խորին երախտագիտություն հայտնելով բարձր գնահատանքի համար, սրտագին բարեմաղթանքներն է հղել հայ և բուլղար ժողովուրդներին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն, երջանկություն և հոգևոր զորություն։ Միջոցառումն ամրագրել է որպես հայ և բուլղար ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի ևս մեկ գեղեցիկ դրսևորում՝ վկայելով երկու ժողովուրդների հոգևոր ու մշակութային ժառանգության շուրջ ձևավորված ամուր կապերի մասին։




















