Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում՝ Արաքս գետի սահմանապահ գոտիներում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
«Քաղաքացի Գ.Մ.-ն Արաքս գետից ինքնակամ տեղադրված մակերևութային ջրի պոմպերի միջոցով իրականացրել է ապօրինի ջրառ՝ ոռոգման նպատակով։ Տեսուչների կողմից ապօրինի տեղադրված խողովակաշարն ու պոմպերն ապամոնտաժվել և ի պահ են հանձնվել սահմանապահ զորքերի ծառայողներին։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով։
Սահմանապահ ուղեկալներից 2-ի տարածքներում հայտնաբերվել է վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն 4 որսածուղակ։ Դրանցից մեկում հայտնաբերվել է անկած աղվես։ Ապօրինի որս կատարելու փաստով քաղաքացի Վ.Մ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150․000 ՀՀ դրամի չափով։
Շրջայցերի ընթացքում Արաքս գետի ջրային ավազանից դուրս են բերվել ապօրինի ձկնորսության համար նախատեսված ինքնաշեն սարքեր, որոնք սահմանված կարգով վնասազերծվել և առգրավվել են։
Համատեղ միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։




















