Microsoft-ը որոշել է վերջնականապես լքել Ռուսաստանը
- May 30, 2025
- 1 min read

Ամերիկյան Microsoft կորպորացիան որոշել է վերջնականապես լքել ռուսական շուկան. նրա դուստր ձեռնարկությունը՝ Microsoft Рус-ն, պատրաստվում է սնանկության դիմում ներկայացնել Մոսկվայի արբիտրաժային դատարան։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Федресурс պորտալում։ «Գազպրոմբանկ»-ը հանդես է գալիս որպես ընկերության վարկատու։
Հենց «Գազպրոմբանկ»-ի դատական հայցն էր, որը դարձավ դատարան դիմելու պատճառներից մեկը։ 2025 թվականի հունվարին բանկը պահանջեց, որ ռուսական Microsoft իրավաբանական անձը անհիմն հարստացման գործով 90,9 միլիոն ռուբլի վճարի։ Ինչպես նշված է գործի նյութերում, պահանջները վերաբերում են 2021 թվականի սեպտեմբերին կնքված և մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ը գործող տեխնիկական աջակցության պայմանագրին։ Հայցվորի պնդմամբ՝ 2022 թվականի ապրիլից ի վեր Microsoft Рус-ը դադարեցրել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը՝ չնայած ամբողջությամբ վճարումը ստանալուն։
Ապրիլին դատարանը մասամբ բավարարել է հայցը. ընկերությանը պարտավորեցրել են վճարել 887 հազար դոլար անհիմն հարստացման համար և ևս 62 հազար դոլար տոկոսագումար, ընդհանուր առմամբ՝ 949 հազար դոլար։ Բացի դրանից, մինչև փաստացի վճարումը կարգադրվել է տոկոսագումար հաշվարկել վարկերի միջին կշռված տոկոսադրույքի հիման վրա։
Պաշտոնապես Microsoft-ը սկսել է կրճատել իր ռուսական բիզնեսը դեռևս 2022 թվականի գարնանը՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։ Սակայն, մինչև վերջերս ընկերությունը պահպանում էր իր օրինական ներկայությունը երկրում։ 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվարը Microsoft-ի մասնաճյուղերը վերջնականապես փակվեցին Ռուսաստանի 13 քաղաքներում, ներառյալ՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում և Կրասնոդարում։ Դրա մասին նշված է 2025 թվականի մարտի 7-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվության մեջ։ Այնտեղ ընդգծվում է, որ այդ ժամանակ իրավաբանական անձի լուծարման հարցը չի բարձրացվել։
Microsoft Рус-ն կտրուկ կրճատել է իր գործառնական գործունեությունը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Եթե 2021 թվականին եկամուտը կազմել է 6,9 միլիարդ ռուբլի, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 161,6 միլիոն ռուբլի։ Միևնույն ժամանակ, ընկերությունն, ըստ իր ֆինանսական հաշվետվությունների, դեռևս 174,1 միլիոն ռուբլու զուտ շահույթ է ցույց տվել։




















