top of page

Երազանք էր՝ նույնիսկ մեկ խաղ անցկացնել Մագնուսի դեմ․ Հայկ Մարտիրոսյանի առաջին տպավորությունները Կարլսենի նկատմամբ տարած հաղթանակից հետո

43 minutes ago
1 min read

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարում պատմական հաղթանակ տանելուց և Մագնուս Կարլսենի հետ լարված պայքարից հետո Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը FIDE-ի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է իր հույզերով ու տպավորություններով։

-Ի՞նչ էր կատարվում ձեր մտքում, երբ գիտակցեցիք, որ հենց նոր հաղթեցիք Մագնուսին։

«Մի բառով դժվար է ասել։ Ես դեռ պետք է գնամ ու վերլուծեմ պարտիաները՝ հասկանալու համար, թե իրականում ինչ տեղի ունեցավ այս երկու խաղերի ընթացքում, բայց ես շատ ուրախ եմ։ Երկրորդ պարտիան ևս շատ հետաքրքիր էր։ Ես երբեք նման կառուցվածքով չէի խաղացել, բայց կարծում եմ՝ գտա ամենահուսալի և տրամաբանական քայլերը, և չեմ կարծում, թե այս խաղում որևէ վտանգի տակ եմ եղել։ Հետխաղյա զրույցում նա ևս նշեց, որ սևերով դիրքը լիովին նորմալ էր»։

-Ի՞նչ է նշանակում ձեզ համար այս հաղթանակը։

«Սա իսկապես հիանալի էր։ Ես երազում էի մի օր դասական պարտիա խաղալ Մագնուսի դեմ, և շատ, շատ ուրախ եմ, որ հաղթեցի առաջին խաղում»։

-Եթե ստիպված լինեիք այս օրը նկարագրել մեկ բառով, ո՞րը կլիներ այն։

«Հավանաբար՝ իրականություն դարձած երազանք, կամ պարզապես հիանալի։ Չգիտեմ, միայն լավ բաներ»։

Հիշեցնենք, որ շրջադարձային այս դիմակայության առաջին պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով փայլուն հաղթանակ էր տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ, իսկ պատասխան խաղում ոչ-ոքի էր խաղացել նրա հետ։

Այս արդյունքների շնորհիվ Հայկ Մարտիրոսյանն իր ակտիվում ունի 10 միավոր և միանձնյա գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը լինելու է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։

1/2991
bottom of page