ՎՐԵԺ ԼՈՒԾԵԼ ՆՐԱՆՑԻՑ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԴԵՄ ԵՆ․ ՍԱՀԱԿՅԱՆՑ ՍՏՈՒԴԻԱՆ ԶՐԿՎԵԼ Է ՏԱՐԱԾՔԻՑ
- Ani

- Jan 22
- 1 min read

ՀՀ կառավարության որոշմամբ, Սահակյանց անիմացիոն ստուդիան զրկվել է տարածքից, որը տարիներ շարունակ ծառայել է երեխաներին եւ ուսանողներին կրթելու, հայկական անիմացիայի զարգացումը խթանելու եւ մշակութային ժառանգություն ստեղծելու համար։ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը՝ դեկտեմբերի 27-ին, Վարդանանց 30 հասցեում գտնվող տարածքն այսուհետ անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելով «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Միաժամանակ, եռամսյա ժամկետում պետք է դադարեցվի Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիայի՝ 2014-ին կնքված պայմանագիրը։
Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը միայն այսօր է արձագանքել կատարվածին՝ իր էջում հրապարակելով որոշումն ու մասնավորապես գրել․ «Մենք կարող էինք եւս 10 տարի աշխատել եւ դասավանդել, բայց այս իշխանությունը մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել, քանդել եւ վրեժ լուծել նրանցից, ովքեր իրենց դեմ են... այն, ինչ մեզ չի սպանում, ավելի է ուժեղացնում, եւ, հետեւաբար, նորից կփնտրենք տարածք մեր դպրոց-ստուդիայի համար»։ Ինչ վերաբերում է տարածքի նոր շահագործողին՝ «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին, ապա դեռ 2022-ի աշնանը՝ կառավարության որոշմամբ, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը եւ Հայաստանի պարարվեստի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը միաձուլվեցին եւ վերակազմակերպվեցին «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի:
Հաջորդաբար, նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկվեց նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս 3 ստեղծագործական խումբ՝ Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթները: Միացյալ ՊՈԱԿ-ի տնօրենի նախ ԺՊ, ապա նաեւ տնօրեն նշանակվեց պրոդյուսեր, հաղորդավար, թամադա Արմեն Սարգսյանը, որը 2018-ին «Իմ քայլը» դաշինքից ընտրվեց Երեւանի ավագանու անդամ։ Սակայն միացյալ ՊՈԱԿ-ն այս ընթացքում չուներ ո՛չ հասցե, ո՛չ տանիք, եւ յուրաքանչյուր համույթ առանձին վայրում էր գործունեություն ծավալում։ Այս քայլով, փաստորեն, իշխանությունն արդեն կայացած մշակութային միավորը մատնեց բախտի քմահաճույքին եւ Սահակյանց անիմացիոն ստուդիայի հաշվին «լավություն» արեց իրեն հավատարիմ պրոդյուսեր-թամադային։




















