Հ1-Ը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԵՎՐԱՔՎԵԻՆ ՎՃԱՐՈՎԻ ԳՈՎԱԶԴԵԼՈՒՑ
- Ani

- Sep 23, 2024
- 1 min read

Եվրոպամետ ուժերի նախաձեռնությունը նաև մարզերում է շարունակում Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն ու հավելեց, որ իշխանությունները փորձում են նախաձեռնությունը սաբոտաժի ենթարկել, իսկ Հանրային հեռուստաընկերությունն անգամ հրաժարվել է իրենց վճարովի գովազդ մատուցելուց: Տպավորություն է, թե ստորագրողների թիվն այնքան փոքր է, որ Խզմալյանը խուսափում է դրանք հայտնելուց` ասում է, որ Հովսեփ Խուշուդյանն է լիազորված թվերի մասին խոսել, Խուրշուդյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկայում ասուլիսով են հանդես գալու և թվերը կհայտնեն:
Հարցին` 5000 ստորագրություն հավաքվե՞լ է, Խուրշուդյանը նշեց, որ ավելի շատ է, սակայն կոնկրետ թվեր հրապարակելուց խուսափեց: Տիգրան Խզմալյանն էլ ասաց, որ այս պահին Նոր Նորքում իրազեկման ակցիա են իրականացնում. «Մասիվներում ենք, մարդկանց իրազեկում ենք, քանի որ տեղեկատվությունը քիչ է: Հարցնում ենք մարդկանց համաձա՞յն են, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ: Հենց հիմա Խուրշուդյանի, Արամ Սարգսյանի, Արման Բաբաջանյանի հետ միասին ակցիա ենք իրականացնում: Ինչ վերաբերում է ստորագրությունների քանակին, ես դրա մասին խոսել չեմ կարող: Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց մեր վճարովի գովազդից: Դա արդեն իսկ մեծ ցուցիչ է, ըստ երևույթին իրենց ղեկավարությունը անհրաժեշտ չի համարում հասարակությանն իրազեկելու: Ստացվում է` իշխանությունները սաբոտաժի են ենթարկում մեր աշխատանքը, բայց ոչինչ, մենք սովոր ենք, առաջին անգամ չէ: Ամեն ինչ լավ կլինի: Կասկած չունեմ, որ 50 հազար քվե կհավաքվի, արդեն իսկ հավաքել ենք ահագին ստորագրություններ, այնպես որ ժամկետից էլ շուտ հավաքվելու են ձայները: Իշխանությունների մոտ ոչինչ չի ստացվելու: Ոչինչ, քաղաքական աշխատանք է, սա էլ կհաղթահարենք: Ասեմ, որ անզեն աչքով երևում է, որ մարդիկ լավ են վերաբերվում ԵՄ-ին անդամակցելուն: 30 հոգուց մեկն է հրաժարվում մեզ լսել: Մեծ մասը ուրախ, մեծ պատրաստակամությամբ ու ժպտերես մեզ լսում են», - ասաց Խզմալյանը:




















