Վթարային շենքերի 57 ընտանիք վերաբնակեցվել է, 5 ընտանիք չի համաձայնել Երևանի քաղաքապետարանի առաջարկած պայմաններին

Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի 10 և 10/1 վթարային շենքերի 57 ընտանիք վերաբնակեցվել են՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման և առկա բնակարանային ֆոնդից բնակարանների տրամադրման միջոցով։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։
«Նշված շենքերում մնացել է 5 ընտանիք, որոնք չենբ համաձայնել մեր կողմից ներկայացված պահանջներին և ներկայացրել են ոչ իրատեսական պահանջներ։ Վերջիններիս տվյալները ներկայացվել են Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ՝ նշված տարածքը որպես իրացման գոտի ճանաչելու նպատակով»,–հավելեց Վահան Խաչատրյանը։
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուկչյանի ճշտող հարցին՝ «Նրանք նախընտրու՞մ են մնալ անտուն, քան...», անշարժ գույքի կառավարման վարչության պետը պատասխանեց՝ «այո»։