40-ամյակը՝ նոր stand up-ով. Հովհաննես Դավթյանը՝ 40-ը նշելու սնահավատության, կյանքի «2-րդ փուլ» անցնելու մասին
Հունվարի 9-ին Հովհաննես Դավթյանը կդառնա 40 տարեկան: Կարծիք կա, որ 40-ամյակը չի կարելի նշել, սակայն դերասանը տարեդարձի կապակցությամբ հունվարի 11-ին եւ 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացնելու է իր նոր՝ «40. հոբելյանական stand up»-ը: Այս առիթով NEWS.am STYLE-ը զրուցել է դերասանի հետ՝ պարզելու առաջիկա ներկայացման մանրամասները:
Դերասանը նշեց, որ ներկայացման մեջ շատ տարբեր պատմություններ է ներառել: «Փորձել եմ անդրադառնալ տարբեր տարիքներին եւ կյանքի փուլերին: Ի տարբերություն մյուս ներկայացումների՝ այս մեկն ավելի ինքնակենսագրական է, բայց հուսամ՝ մարդիկ կհասկանան, որ իմ մեծարման երեկոն չի լինելու, ոչ էլ բենեֆիսն է լինելու: «Ради Бога», նման մեծամիտ միտում չունեմ (հեղ. ժպտում է), պարզապես ներկայացնելու եմ կյանքիս տարբեր դրվագները, հնարավոր է, որ այդ թվում՝ արխիվային տեսանյութեր լինեն: Նոր stand up-ը հատուկ ծննդյանս օրը չեմ ներկայացնելու, քանի որ կարծիք կա, որ 40-ամյակը չեն նշում եւ շնորհավորում (գիտեմ՝ սնահավատություն է), ինչպես նաև ցանկանում էի, որ հանդիսատեսի համար ոչ աշխատանքային օրեր լինեն»:
Հովհաննեսի խոսքով՝ անկախ 40-ամյակից՝ նոր սկիզբն «իր տեսակի մարդկանց համար միշտ»: «Նոր տարի, նոր շաբաթ, նոր ամիս, նոր տարվա եղանակ. նոր սկիզբ ունենալու ոգեշնչման աղբյուր են: Ես եւ իմ թիմը նոր բաների մասին անդադար մտածում ենք: Ընդհանուր առմամբ, ասում են, որ 40-ը կյանքի 2-րդ փուլն է: Ըստ իս՝ մարդու կյանքի ամենածաղկուն շրջանն է, հնարավոր է, որ մինչ 40-ը էներգիայի, առողջության ու այլ նմանատիպ հարցերում ավելի կայուն ես, սակայն շատ բաներ դեռ չես ստեղծել ու շատ բաների հնարավորություններ կարող է դեռ չունենաս: Հետո արդեն շատ բաներ ես ստեղծում, միայն թե, էներգիան նախկինի պես չի լինում: 40-ը, կարծես, բալանսի շրջան լինի, երբ երկուսն էլ ունենում ես: Կարողանում ես ստեղծել, ունենալ, վայելել կյանքը եւ աշխատանքը: Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, ապա տարիքը ոգեշնչում է, որ ավելի մեծ, նշանակալի ու արժեքավոր բաներ ստեղծես թե կյանքում, թե աշխատանքի մեջ»,-հավելում է նա:
Վերադառնալով 40-ամյակը նշելու սնահավտությանը՝ Հովհաննեսը հավելեց. «Սնահավատ չեմ, բայց, ինչպես ցանկացած մարդ, հոգու խորքում մի քանի տոկոսով փորձում եմ շրջանցել դրանք: Փորձում եմ այնպես անել, որ դրանք ինձ չդիպչեն: Սնահավատությունների մասին այդ օրն անպայման կխոսեմ բեմից, իհարկե, այդ թեմային կանդրադառնամ հեգնանքով: Առհասարակ, կխոսեմ 40-ամյակի մասին, ինչով է այն խորհրդանշական և ինչեր ենք կապում այդ թվի հետ: Հատկապես կընդգծենք այդ սնահավատությունները, որոնք իսկապես զվարճալի են եւ համահունչ են stand up-ի ժանրի հետ»:
Հումորը, ինչպես ցանկացած բանի ընկալում եւ արդիականություն, տարիների ընթացքում փոխվում է, ասում է հումորիստը: «Երբ երեխա էի, այլ տեսակի հումորներ էի լսում, այլ երեւույթների վրա էի ծիծաղում: Պատանեկան տարիքում դրանք փոխվեցին, երիտասարդության ժամանակ լիովին այլ մոտեցում կար: Չեմ կարող ասել, որ մոտեցումս ամեն տարի է փոխվում, սակայն տասնամյակի փոփոխության դեպքում՝ կնկատենք իմ տարբերությունը: Ժամանակին թղթից կարդացվող տեքստեր էին, հետո ավելի stand up comedy-ի կողմ եկանք: Առհասարակ, նախկինում անեկդոտներ էին պատմում եւ բեմադրում, այսօր ուղղվածությունը փոխվել է: Իմ խորին համոզմամբ՝ սա էլ այսպես չի մնա, տարիների ընթացքում փոփոխություններ կլինեն: Չեմ կարող ասել՝ արդյոք stand up-ը որպես ժանր կհնանա, սակայն այն ամենը, ինչը մեզ այսօր ծիծաղեցնում է, կփոխի իր ձեւը, ինչ-որ նոր բան անպայման կգա: Դեռ չեմ կարող հստակ ասել՝ ինչ: Հումորը նոր ոճ եւ ձեւ կունենա առաջիկա տարիներին»:
Ի՞նչ է սպասվում հանդիսատեսին պրեմիերայի օրը. Այս հարցին Հովհաննեսը մասամբ կարողացավ պատասխանել, քանի որ դեռ շատ օրեր կան եւ սցենարի վրա նոր են սկսում աշխատել:
«Իհարկե, «ողնաշարը» ունենք, բայց շատ ավելացումներ պետք է արվեն, հումորները՝ մշակվեն: Փուլեր կան, որ պարտադիր անցնում ենք՝ նախքան հանդիսատեսի դատին հանձնելը: Վստահ եմ, որ այս ներկայացումը կլինի ինտերակտիվ եւ, ինչպես միշտ, կշփվեմ հանդիսատեսի հետ. անակնկալներ եւս կլինեն (միգուցե այլ մարդկանց տեսքով)»: