ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Ասիայից մինչեւ Ամերիկա տեղի ունեցող երաշտները, հրդեհներն ու հեղեղումները մասնագետների մոտ ուժգնացնում են մտավախությունները՝ կապված սպասվող բերքի հետ։ Ոչ այնքան բերքառատ տարին սպառնում է հանգեցնել պարենամթերքի գնաճի, ինչն իր հերթին կբերի մարդկանց ծախսերի աճի, իսկ ոչ բարեկեցիկ մարդկանց համար՝ նույնիսկ թերսնման։ Չի բացառվում նաեւ, որ առաջիկայում աշխարհը կանգնի պարենային ճգնաժամի առաջ։ Bloomberg պարբերականը գրում է, որ գյուղատնտեսական արտադրանքի գնային ինդեքսի աճը, վերջին մեկ ամսվա կտրվածքով, կազմել է 7 տոկոս, ինչը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Հիշեցնենք, որ 2022 թվականի սկզբին, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկով, համաշխարհային պարենային շուկայում կտրուկ գնաճ արձանագրվեց։ Հիշեցնենք նաեւ, որ Bloomberg-ի ինդեքսում ներառված են հիմնական 9 անուն պարենամթերքի գնային դիտարկումները։ Տնտեսագետները նշում են, որ թեեւ այս ինդեքսը դեռեւս իր առավելագույն ցուցանիշին չի հասել, սակայն նկատվում է աճ, ինչը պայմանավորված է Բրազիլիայից մինչեւ Վիետնամ ու Ավստրալիա դիտվող բնական տարերային աղետների աճով, որոնց դեմ փորձում են պայքարել ֆերմերները։ Եղանակային պայմանների փոփոխությունը, ըստ տնտեսագետների, բերում է գնաճի եւ հարցականի տակ է դնում արտադրության եւ մատակարարումների հեռանկարը, ինչն անորոշություն է ստեղծում հացահատիկեղենի, սուրճի, շաքարի եւ այլ մթերքների գլոբալ շուկաներում։
Շուկան տարեսկզբի համեմատ շրջադարձ է կատարում։ Ինչ է սա նշանակում։ Մասնագետները բացատրում են, որ տարեսկզբին պարենային ապրանքների գները զսպվում էին շնորհիվ այն բանի, որ շուկայում կար մեծածավալ առաջարկ, իսկ պահանջարկը բավականին փոքր էր։ Սակայն հիմա արդեն հակառակ պրոցեսն է նկատվում, եւ եթե տենդենցը շարունակվի, ապա նույնիսկ մանրածախ առեւտրի ցանցերում դրա հետեւանքները կլինեն նկատելի, եւ դա կզգա նաեւ շարքային սպառողը։
Նշենք, որ այս տարի թանկացել է շոկոլադի հումք հանդիսացող կակաոն, քանի որ Արեւմտյան Աֆրիկայում նկատվում է այս կուլտուրայի պակաս։ Գնաճի վրա, ըստ մասնագետների, ազդում են նաեւ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք խնդիրներ են ստեղծում մատակարարումների շղթաների անխափան գործունեության հետ։ Լարվածությունը Սեւ ծովում եւ Մերձավոր Արեւելքում, ԱՄՆ-ում առաջիկա՝ նոյեմբերի ընտրություններն ու դրանից հետո Չինաստանի եւ ԱՄՆ առեւտրային հարաբերություններում հնարավոր զարգացումները պակաս մտավախություններ չեն առաջացնում մասնագետների մոտ։