top of page

Հայաստանում սպանված չեչենուհին Ռամզան Կադիրովի ազգականն է եղել․ ԶԼՄ

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 2 min read

ree

Հոկտեմբերին Երևանում սպանված 23-ամյա չեչենուհի Այշաթ Բայմուրադովան Ռամզան Կադիրովի ազգականն էր, ասվում է աղջկա մասին «Դոժդի» կողմից դեկտեմբերի 8-ին հրապարակված ռեպորտաժում, գրում է The Insider-ը։ «Մարեմ» մարդու իրավունքների պաշտպանության խմբի ղեկավար Սվետլանա Անոխինայի խոսքով՝ Բայմուրադովայի տատիկը Չեչնիայի առաջնորդ Ահմադ Կադիրովի հոր զարմուհին է եղել։

Այշատի ընտանիքը մանկուց բռնության է ենթարկել նրան, այդ թվում՝ սեռական բռնույթի։ Սպանված կնոջ ընկերը պատմել է, որ նրան բռնաբարել են հայրն ու պապիկը։ 17 տարեկանում նա ամուսնացել է հրաձգության հրահանգիչ Ալսոլտ Թելիևի հետ, որը մարզել է նաև Կադիրովի զինվորականներին։ Բայմուրադովան երեխա է թողել Չեչնիայում։ Ամուսինը նույնպես բռնության է ենթարկել նրան՝ փորձելով ստիպել նրան հնազանդվել իրեն։ Ընկերոջ խոսքով՝ նա նաև թմրանյութեր է լցրել աղջկա ուտելիքի մեջ և այդ ընթացքում Բայմուրադովան բողոքել է հալյուցինացիաներից։

Մարդու իրավունքների պաշտպանները «Դոժդ»-ին հայտնել են, որ Այշատի փախուստը ծրագրվել է մեկ տարի շարունակ։ Երբ նա ժամանել է Հայաստան՝ նրան ոչ ոք չի փնտրել. միայն ամուսինն է սպառնացել սովամահ անել երեխային։ Միևնույն ժամանակ նա ազատ է եղել սոցիալական ցանցերում, հրապարակել է լուսանկարներ և իր գտնվելու վայրի գեոթեգեր, ինչպես նաև քննադատել է Չեչնիայի ղեկավարությանը։

Բայմուրադովայի համախոհների խոսքով՝ Կարինա Իմինովան, որի հետ նա վերջին անգամ տեսնվել է, աղջկան գրել է սպանությունից երկու ամիս առաջ։ Նա խոստացել էր օգնել Այշատին տեղափոխվել Եվրոպա. նա փորձել էր դիմել Գերմանիա՝ մարդասիրական վիզա ստանալու համար, սակայն նրա գործը անբավարար էր համարվել։ Իմինովան ժամանել է Երևան հոկտեմբերի 14-ին, իսկ Այշատը անհետացել է ամսի 15-ին։

Աղջկա մարմինը հայտնաբերվել է երեք օր անց՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում: Ականատեսների վկայությամբ՝ բնակարանը «արյունով ողողված» է եղել և եղել են նշաններ, որ Այշատը փորձել էր փախչել. նրան գտել են դռան մոտ, իսկ վերնաշապիկը բարձրացված է եղել վերև: Հետաքննությանը մոտ կանգնած «Դոժդ»-ի աղբյուրը պնդում է, որ Բայմուրադովային թունավորել են:

Կասկածյալների անունները պաշտոնապես չեն հրապարակվել: Սակայն սպանության վայրի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկները նույնականացրել են Կարինա Իմինովային և չեչեն Սաիդ-Խամզատ Բայսարովին: «Դոժդ»-ը հաղորդում է, որ վերջինս «Կադիրովի դրամապանակ» մականունով հայտնի գործարար Ռուսլան Բայսարովի եղբորորդին է: Զոհի ընկերը լրագրողներին ասել է, որ Այշատի սպանության օրը նա այլ համարից սպառնալիքներով ձայնային հաղորդագրություն է ստացել մի տղամարդուց: Իմինովայի Ինստագրամի հետևորդների թվում եղել են նաև Ռամզան Կադիրովի մտերիմ մարդիկ:

Հայաստանի քննչական կոմիտեն և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը չեն պատասխանել քննության ընթացքի վերաբերյալ լրագրողների հարցումներին։

bottom of page