ՀԱՅՏՆԻՆԵՐ, ՈՐՈՆՑ ԿՈՐՑՐԻՆՔ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ
- Ani

- Dec 20, 2024
- 3 min read

Աստվածային լույսի ներքո ամեն բան՝ բնությունն ու մարդկությունը, իրենց անխախտ օրինաչափություններն ունեն, իսկ ծնունդն ու մահը, ինչպես հայտնի է, հավերժորեն միահյուսված են մեկը մյուսին, եթե չասենք՝ առանց իրար կյանք չունեն: 2024-ը եւս լի էր հայտնի մարդկանց ցավալի կորստով, ինչն ավելի շատ եւ ավելի շուտ երկրային-ֆիզիկական է, քան հոգեւոր-մարդաբանական:
Անցնող տարում, ի թիվս այլոց, մշակույթի եւ արվեստի աշխարհը մեծ կորուստներ ունեցավ. կյանքից հեռացան լեգենդար դերասաններ, երաժիշտներ եւ հեռուստահաղորդավարներ։ Ներկայացնում ենք նրանցից առավել հանրաճանաչներին:
Արթուր Չիլինգարով - Հունիսի սկզբին վշտացանք, որ 84 տարեկանում մահկանացուն է կնքել խորհրդային եւ ռուսական հայազգի բեւեռախույզ, գիտնական-օվկիանոսագետ, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2008), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002), Խորհրդային Միության հերոս (1985), Ռուսաստանի Դաշնության հերոս (2008) Արթուր Չիլինգարովը։ Մեծանուն հայորդին ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բեւեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բեւեռներում: Չիլինգարովը եղել ՌԴ Պետդումայի 7-րդ եւ 8-րդ գումարումների պատգամավոր (2016-2024), ՌԴ Պետդումայի փոխնախագահ:
Վիոլետա Գեւորգյան - Հունիսին ցավով տեղեկացանք մեկ այլ նշանավոր հայի կորստի մասին. 79 տարեկանում կյանքից հեռացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թատրոնի անվանի դերասանուհի Վիոլետա Գեւորգյանը: Վերջին տարիներին «հայ թատրոնի թագուհին» բնակվում էր օվկիանոսից անդին՝ ԱՄՆ-ում:
Լալա Մնացականյան - Հունիսի 22-ին հայ բեմարվեստին մեկ այլ բոթ էր սպասվում. վախճանվեց դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵԹԿՊԻ դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը: Հայ հանդիսատեսին բազմաթիվ անգամ ժպիտներ պարգեւած կոլորատային արտիստը կյանքին հրաժեշտ տվեց 66 տարեկան հասակում:
Անուկ Էմե - Հունիսը կորստաբեր էր նաեւ համաշխարհային կինոյի համար. նույն ամսվա 18-ին հայտնի դարձավ ֆրանսիացի սիրված դերասանուհի, «Ոսկե գլոբուս» (1967) եւ BAFTA (1968) մրցանակների դափնեկիր Անուկ Էմեի մահվան մասին: Արտիստը, որն առավել հայտնի է «Տղամարդը եւ կինը» ֆիլմից, կյանքին հրաժեշտ տվեց պատկառելի հասակում՝ 92 տարեկանում։
Վյաչեսլավ Դոբրինին - Հոկտեմբերի 1-ին 79 տարեկան հասակում մահացավ հայազգի կոմպոզիտոր, երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը։ Վերջին ամիսներին կոմպոզիտորը ծանր հիվանդ էր եւ գործնականում գամված էր անկողնուն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ սիրված արտիստի կյանքը չի հաջողվել փրկել. մահվան պատճառը եղել է սրտանոթային եւ շնչառական սուր անբավարարությունը՝ ուղեղի անոթային վնասվածքի պատճառով։
Ալեն Դելոն - Օգոստոսի 18-ին 88 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց համաշխարհային կինոյի վառ անհատականություններից մեկը՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնը։ Լեգենդար արտիստ, որը հայտնի է բազմաթիվ կուլտային դերերով, 1960-70-ական թվականներին ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի վերջին ներկայացուցիչներից էր։
Անաստասիա Զավորոտնյուկ - Մայիսի 29-ին ծանր հիվանդության դեմ երկար պայքարելուց հետո մահկանացուն կնքեց բեմական աշխարհի մեկ այլ հանրաճանաչ ներկայացուցիչ՝ դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ «Իմ գեղեցիկ դայակը» սերիալի աստղը պայքարում էր գլիոբլաստոմայի՝ գլխուղեղի ուռուցքի ագրեսիվ ձեւի դեմ։ Արտիստի հրաժեշտը տեղի ունեցավ Պոկրովսկի վանքում, իսկ նրան թաղեցին Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Մեգի Սմիթ - Սեպտեմբերի 27-ին 89 տարեկան հասակում մահացավ բրիտանացի դերասանուհի, «Հարի Փոթեր»-ի աստղ Մեգի Սմիթը։ Նա վախճանվեց հիվանդանոցում՝ ընտանիքի եւ ընկերների շրջապատում: Իր կարիերայի ընթացքում Սմիթը ստացել է երկու «Օսկար», հինգ BAFTA մրցանակ, չորս «Էմմի», երեք «Ոսկե գլոբուս» եւ «Թոնի» մրցանակ։
Շելլի Դյուվալ - Լեգենդար դերասանուհի Շելլի Դյուվալը մահացել է հուլիսի 11-ին՝ Տեխասի իր տանը։ Բազմաթիվ ֆիլմերի աստղը մահացել է քնած վիճակում՝ շաքարախտի բարդացումից։ Դերասանուհու վաղեմի գործընկեր Դեն Գիլրոյը նշել է, որ վերջին շրջանում նա շատ է տանջվել։
Ջեյմս Քոթակ - Այս տարեսկզբին՝ հունվարի 9-ին, 61 տարեկան հասակում, կյանքին հրաժեշտ տվեց Ջեյմս Քոթակը՝ Scorpions-ի նախկին թմբկահարը: Երաժիշտը լեգենդար ռոք խմբում հանդես է եկել 20 տարի։ Թիմի անդամները նրան անվանել են «եղբայր՝ մորական կողմից» եւ նշել, որ կկարոտեն։
Վասիլի Ուտկին - Մարտի 19-ին 53 տարեկան հասակում մահացել է հայտնի մարզական մեկնաբան եւ լրագրող Վասիլի Ուտկինը։ Մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրներն են եղել։ Ուտկինը ժողովրդականություն է ձեռք բերել 90-ականների կեսերին՝ որպես НТВ եւ НТВ Պլյուս հեռուստաալիքների մեկնաբան:
Ալեքսանդր Շիրվինդտ - 2024 թվականի մարտի 15-ին 89 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։ Երգիծական թատրոնի երկարամյա տնօրենին սիրեցին ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՊՀ ողջ տարածքում՝ շնորհիվ իր շողշողացող հումորի եւ ջենթլմենական հմայքի։
Լիամ Փեյն - Հոկտեմբերի 16-ին Բուենոս Այրեսում ողբերգություն տեղի ունեցավ հանրահայտ One Direction խմբի 31-ամյա նախկին երգիչ Լիամ Փեյնի հետ։ Արտիստը մահացել է հյուրանոցի բարձրությունից վայր ընկնելուց հետո։ Դեպքից առաջ հյուրանոցի աշխատակիցները հայտնել են երաժշտի տարօրինակ պահվածքի մասին, որը, նրանց խոսքով, ոչ ադեկվատ վիճակում է եղել։
Ալեքսանդր Մասլյակով - Այս տարվա սեպտեմբերին 83 տարեկանում մահացավ Ալեքսանդր Մասլյակովը։ Նա եղել եւ կմնա հավերժ լեգենդ ՈՒՀԱ-ի՝ КВН-ի բոլոր մասնակիցների եւ միլիոնավոր հեռուստադիտողների համար: 1964 թվականից նա վարում էր КВН հաղորդումը՝ դառնալով հումորի եւ երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում եւ արտերկրում։
ՀԳ․ Մեզ ու աշխարհին հրաժեշտ տված հայտնի գործիչների կյանքը, ինչ խոսք, ավարտվել է տարեթվերի ու ֆիզիկական գոյության տրամաբանությամբ, բայց այդ ամենի ետեւում մի ամբողջ կենսագրություն ու պատմություն է, որը հաճախ առնչվել է ոչ միայն առանձին մարդկային ճակատագրերի, այլեւ մի ամբողջ մարդկության ապրումների, բերկրանքի եւ հիասթափությունների, մեծ հաշվով՝ ճակատագրի հետ։




















