Շանը քարշ տված աշխատակիցը նկատողություն է ստացել․ ավագանու անդամներն այցելել են «Կենդանիների խնամքի կենտրոն»
- Ani

- Oct 18, 2024
- 1 min read

Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները կոշտ վերաբերմունքով փորձում բռնել թափառող շներին՝ կենտրոն տեղափոխելու համար։
Աշխատակիցներից մեկը շանը, որի վզին ամրացված է կլիպսը, քարշ է տալիս դեպի մեքենան, իսկ շունը չի շարժվում։ Օգտատերերը մտահոգություն են հայտնել, թե շունը սատկել է։
Տեսանյութի հետքերով Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Տաթև Հովակիմյանը, Արման Բաբաջանյանը, Մարատ Թոխյանը և Հայկ Միրզոյանը այցելել են շների կացարան՝ «Կենդանիների խնամքի կենտրոն»։
«Նման աշխատելաոճը չի համապատասխանում քաղաքային իշխանությունների ընտրած սկզբունքներին, և այդպիսի աշխատակիցները առնվազն պետք է ստանան նկատողություն, որը արվել է: Քանի որ կարծիքներ կային, որ շներից մեկը սատկում էր, անդամները համոզվել են, որ երկու շներն էլ գտնվում են ողջ և առողջ վիճակում, իսկ առաջիկա օրերին նրանց կստերջացնեն և բաց կթողնեն»,- ասված է հայտարարության մեջ։
Տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում է տարածել նաև ՀՈԱԿ-ը։ Նշվում է, որ թափառող շներին բռնող աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի՝ ստացել նկատողություն, հետագա նման դեպքերը բացառելու նպատակով։




















