top of page

«Փաստ». Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարաժամկետ վճարման պայմանով Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս», այժմյան Eighty Eight Hotel and Spa հյուրանոցային համալիրը ձեռք բերած իշխանությունների «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը, պարզվում է, վճարումները կատարել է ժամկետից շուտ և արդեն հասցրել է դառնալ Հայաստանում ոլորտի առաջատարներից մեկը։ Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացրել է, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորությունները կատարել է վաղաժամկետ՝ կատարելով պայմանագրի բոլոր կետերը և վճարելով մնացորդային 3 մլրդ դրամը 2024 թվականի հունիսին։

Իսկ ի՞նչ վիճակում է «Գոլդեն Փելիսը», որը ժամանակին այնքան անմխիթար վիճակում էր, որ 2,5 տարվա ապարդյուն ջանքերից ու յոթ անհաջող աճուրդից հետո վերջապես գնորդ ունեցավ: Պարզվում է՝ մոտ մեկ տարուց ավելի վերանորոգման լայնածավալ աշխատանքներից հետո այս տարեսկզբին իր դռները բացած հյուրանոցային համալիրն արդեն հասցրել է բավական պահանջված լինել, իսկ իշխանություններն էլ գոհ են մնացել կայացած գործարքից։ Այսինքն՝ այս ուղղությամբ ևս նորօրյա օլիգարխի բիզնեսը փթթում է:

Ի մասնավորի, մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Գոլդեն Փելիսը» դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկն է: Ավելին, թերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ միայն հուլիս-օգոստոսին, այլ նաև սեպտեմբերին գրեթե անհնար է եղել հատկապես շաբաթ-կիրակի օրերին համար ամրագրել: Գրեթե նույն վիճակն է նաև հոկտեմբերի համար»:

bottom of page