top of page

ԹՈՂ ՄՏԱԾԵՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՐԿՐԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐՆ ԱԶԱՏ ԵԼՈՒՄՈՒՏ ԵՆ ԱՆՈՒՄ ԵԿԵՂԵՑԻ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 5, 2024
  • 4 min read
ree

Երկրորդ եւ երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ սրբազանի անհաջողության պատճառը նրանք են՝ նախօրեին հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` պայթեցնելով համացանցը: Նա շարժման ընթացքի մասին նաեւ ասել է. «Ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա, թերեւս, ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է եւ ուրվականն է: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակները՝ իրենք, պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին եւ իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար: Ե՛վ երկրորդ, ե՛ւ երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Սթափ բանականությունն ու հաշվարկը դա են պահանջում: Եթե իրենք դա չգիտեն, նշանակում է՝ ոչ մի բան էլ չեն հասկանում: Ե՛վ երկրորդ նախագահը, ե՛ւ իր որդին պետք է հայտարարեն եւ փաստացի հեռանան: Նույնը վերաբերում է երրորդ նախագահին, նա պետք է բաց թողնի այդ ՀՀԿ-ին: Ինչպես պատահական մտավ, այդպես պատահական էլ պետք է դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ»: 



Այս հայտարարության մասին փորձեցինք լսել երկու նախագահների թիմակիցների կարծիքը:


«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Միքայել Աջապահյանի հայտարարությանը, նկատեց. «Ես սովորաբար չեմ մեկնաբանում եկեղեցու ներկայացուցիչներին, բայց այս անգամ կմեկնաբանեմ. նույն լոգիկայով Ռոբերտ Քոչարյանին ընտրած 275 հազար քաղաքացին էլ չպետք է մասնակցի հանրահավաքներին կամ գուցե ընդհանրապես Հայաստանից հեռանա…. Կա փաստ, այն է, որ ՀՀ երկրորդ քաղաքական ուժը նախագահ Ռոբերտ Քոչարյանն է` իր «Հայաստան» դաշինքով: Հիմա եթե ասում ենք, որ նա խանգարում է, ուրեմն Քոչարյանին ձայն տված քաղաքացիներն էլ պետք է ասպարեզից դուրս գան, որովհետեւ այս նույն տրամաբանությամբ նրանց անուններն էլ կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Կարող են առաջարկել, որ 275 հազար քաղաքացին Հայաստանը լքի, որպեսզի իրենք ինչ-որ բանի հասնեն…. ես կարծում եմ, որ նման հայտարարություններն անիմաստ են, ընդհանրապես հիմք չունեն, եւ չգիտեմ` եղե՞լ է ուղղորդում նման հայտարարության համար, թե՞ ոչ: Քանի որ սրբազան հոր մասին է խոսքը, ավել բաներ չեմ ցանկանա ասել, ես համերաշխ եմ Հայ առաքելական եկեղեցու հետ, ուղղակի կխնդրեմ եկեղեցականներին, որ նման տիպի քաղաքական հայտարարություններ չանեն: Ավելի լավ է մտածեն այն մասին, որ երկրի դավաճաններն ազատ ելքումուտք են անում եկեղեցի: Միայն այս ամենը բավական է, որ եկեղեցին զերծ մնար այդօրինակ հայտարարություններից: Ես մասնակցել եմ հոկտեմբերի 2-ի հանրահավաքին, այն գնում է առաջ այնքանով, ինչքանով կարող է: Ժողովրդի ակտիվությամբ է հաջողությունը պայմանավորված: Նույնը կարող ենք ասել 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, այն ժամանակ մեր ժողովրդին շանս տրվեց թրքացումից պլստալու, փրկվելու, բայց, ցավոք, ընդդիմությանը չհաջողվեց հաղթել իշխանություններին: Ամեն դեպքում, ընդդիմության առաջնորդներին մեղադրելը շատ հեշտ է, բայց դրա փոխարեն պետք է ուղղակի դառնալ շարժման մասնակից: Եթե այն դառնա համաժողովրդական, ապա ես կասկած չունեմ, որ այս իշխանությունը կփլուզվի: Պետք է միանալ, համախմբվել, այո, կարող են նաեւ սխալներ ու բացթողումներ լինել, եթե կա աշխատանք, ուրեմն անպայման սխալներ էլ կլինեն, սակայն Բագրատ սրբազանն օրուգիշեր աշխատում է, նա իր կյանքն է դրել այս ամենի համար: Չեմ կարող ես նրան թերագնահատել: Սատարում եմ նրան եւ կոչ եմ անում բոլորին՝ միանալ շարժմանը: Հայ հասարակության մի ստվար զանգված սովորել է ապրել Նիկոլի հետ` Նիկոլի օրոք: Ինչքան էլ վատ է հնչում, այդպես է: Մարդիկ ոչ թե Նիկոլից գոհ են, այլ ուղղակի սովորել են նրա թելադրանքներով ապրել: Շատերը կարծում են, որ աջները քաշած ապրելը ճիշտ է, որ հանկարծ գործազուրկ չդառնան եւ այլն, բայց պետք է գիտակցել, որ այս պայքարը երկրի ապագայի համար է, այլ՝ ոչ թե մեկ օրվա: Իշխանությունն իր ԶԼՄ-ներով ու իբր արեւմտամետ գործիչներով լվանում է մարդկանց ուղեղը: Ցավոք, աշխատում է դա: Հիմա ես էլ եմ հարցազրույց տալիս, Արամ Զավենի Սարգսյանն էլ, իմ հարցազրույցը նայում է 15 հազար մարդ, Արամ Սարգսյանի հարցազրույցը` 150 հազար մարդ: Այս ամենից կարելի է ենթադրել, որ նրանց վրա լուրջ աշխատանք է կատարվում, որպեսզի մարդկանց ուղեղների վրա կարողանան ազդել»:


ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով Աջապահյանի հայտարարությանը, ասաց. «Ստացվում է, որ ՀՀԿ-ն բոլորին է խանգարում: Բայց երբ ՀՀԿ-ն պասիվանում է, դուրս է գալիս ասպարեզից, այդ բոլոր մարդիկ սկսում են մեղադրել մեզ՝ ասելով, որ չենք մասնակցում, դրա համար էլ մարդիկ սակավաթիվ են, չեն մասնակցում միտինգներին եւ այլն: ՀՀԿ-ն ոչ միայն այսօր, այլեւ միշտ ակտիվ է եղել, ՀՀԿ-ն այնպիսի անդամներ է ունեցել, որոնք կանգնած են մեր անկախության ակունքներում: Ես չեմ ուզում Աջապահյանի ասածները մեկնաբանել, բայց կասեմ, որ նման հայտարարությունները որեւէ օգուտ չեն տալիս այդ շարժմանը: Րոպեն մեկ կարծիք են փոխում, բայց դե՝ իրենք էլ հոգեւորական մարդիկ են, Աստված իրենց հետ, թող յուրաքանչյուրն իր խղճի առաջ պատասխան տա: Փոխանակ ֆիքսեն, որ տարածաշրջանում գերտերությունները ֆիքսվել են Հայաստանի Հանրապետության վրա, փոխարեն բոլորը համախմբվեն, խոսեն արցախահայության վերադարձի մասին, քննարկում են հարցեր, որոնք խանգարում են մեզ` բոլորիս: Սա` խանգարում է, նա` չի խանգարում… այս հարցերը ոչ մի լավ տեղ չեն տանում... երբ ՀՀԿ-ն չի խառնվում, նույն ՀՀԿ-ին մեղադրում են իշխանության ջրաղացին ջուր լցնելու մեջ: Բայց որեւէ մեկը որեւէ մեկի ձեռքը չէր բռնել ու ստիպել, որ հանդիպի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Սրանք մտացածին մտքեր են ընդամենը: Բագրատ սրբազանի խոսքին հավատալով ու հետեւելով, ինձ թվում է՝ եկեղեցին իր դիրքորոշումը պետք է վերանայի եւ ակտիվ դերակատարում ունենա սրբազան շարժմանը` աջակցելով հարթակում կանգնած մարդկանց: Ես Սերժ Սարգսյանի հետ այս թեմայի մասին չեմ զրուցել»:

 



1/2466
bottom of page