top of page

Վրաստանի վարչապետը հաջորդ տարվանից ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների որակական վերաբեռնում է խոստացել

Կարծում ենք, որ ամենաուշը հաջորդ տարվա առաջին ամիսներից Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների որակական վերաբեռնում կսկսվի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ինչպես նշել է Կոբախիձեն, իշխող «Վրացական երազանք» կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրումն է։

«Մենք հարաբերությունների վերաբեռնում ենք ակնկալում, և կարծում եմ, որ այդպես էլ կլինի։ Այս գործընթացը հատկապես ինտենսիվ կսկսվի հաջորդ տարի։ Կարծում ենք, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի ավելի շուտ, քան սկզբնապես կանխատեսվում էր։ Կարծում ենք, որ հաջորդ տարվա սկզբից Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կլինի որակական վերաբեռնում. սա մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն է։

Մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրումն է։ Ուստի հարաբերությունների ներկայիս վիճակը մեզ կտրականապես դուր չի գալիս։ Կարծում ենք, որ այս ուղղությամբ առաջին նշանները շուտով ի հայտ կգան, հաջորդ տարվա առաջին ամիսներից մեր երկրի համար կարևոր հարաբերությունների որակական վերաբեռնում կսկսվի, ինչը, ըստ իս, կարևոր է նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

bottom of page