top of page

ԵՐԲ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԱՎ, ՈՉ ՄԵԿԸ ՈՏՔԻ ՉԿԱՆԳՆԵՑ

Բաներ կան, որ անուշադրության են մատնվում, բայց դրանք լակմուսի թղթի  նշանակություն ունեն և իրական երկրի ողջ պատկերն են արտացոլում։ Իրական եմ ասում, որովհետև Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո, որպես ինքնապաշտպանական միջոց,  ապրում է իր ստեղծած ֆեյք, լայվերի  աշխարհում։ Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Պոլիտեխնիկական համալսարանի, Ագրարային համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսսորադասախոսական եւ ուսանողական կազմի, ինչպես նաեւ գիտահետազոտական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ քննարկում էր Ակադեմիական քաղաքի Տեխնոլոգիական կլաստերի նախագիծը։ Ես նախագծի մասին չեմ խոսելու և իրենից բացի, դժվար թե մեկը հասկանա, թե դա ի՞նչ նախագիծ է, ի՞նչ նպատակով է ներդրվում։ Խոսելու եմ այն մասին, երբ նա դահլիճ էր մտնում ու պիտի հանդիպեր գիտական կազմի հետ։ Ինձ զարմացրեց, որ դահլիճում նստածներից ոչ մեկը՝ նրա ներս մտնելուց,  գոնե մի փոքրիկ շարժում չարեց և չկանգնեց տեղում։ Մինչև ամբիոն՝ նա  քայլում էր  սառը անտարբերության մթնոլորտում։



Նայում էր շուրջը, երևի սպասելով ծափահարությունների կամ գոնե հարգանքների հավաստիքի, բայց գիտնականները, դասախոսները անտարբեր, անժպիտ հետևում էին նրա ամբիոն հասնող քայլերին։ Գամվել էին իրենց տեղերում ր ոչ մեկը ոտքի չկանգնեց։ Եթե անկեղծ, նման բան չեմ տեսել ոչ մի ղեկավարի օրոք։ Կարեն Դեմիրճյանը, երբ դաշտ էր մտնում, գյուղացիները բահը գցում, ծափահարում էին նրան։ Պետական մտավոր մի ողջ կառույց չարձագանքեց նրա ներս մտնելուն։ Նախկիններից ոչ ոք  նման վերաբերմունքի չէր արժանացել։ Ես սա որպես խայտառակ բնութագիր դրսևորած անձի նկատմամբ համապատասխան ու շատ տեղին գնահատական եմ համարում։ Հանդիպումները,  որոնք այս կամ այն գյուղում կազմակերպվում է, ևս մեկ անգամ հաստատվում է, որ դրանք թատրոն են, ներկայացում՝ իր սազանդարների դիրիժորությամբ։


Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում  նրա «ֆանատները» դժգոհում էին, անունները չհարապարկեմ, հետևյալ բառերով․ «Երկրի Վարչապետն է ներս մտնում գոնե ոտքի կանգնեք», «Ոտքի կանգնեք այ ուղտ գզզողներ յախք»։ Իսկ մեկն էլ, որ ուզում էր ցույց տալ, որ չեզոք մարդ է, այսպես էր գրում․  


«Ու այս անդաստիարակ մասսան կրթումա մեր սերնդին (թարախ կաշառակեր հավաքածուներ) վատա- լավա , չարդարացրեց իրեն,  դա իրա անկարողության արդյունքը և մեր անկարողության արդյունքն է, բայց ներկայում մեր երկրի վարչապետն է, հարգալից եղեք,  ոտքի կանգնեք»։ Գրառում անողների բազում տառասխալները վկայում էին, թե ովքեր են Փաշինյանի  համար աշխատում։ 


Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին։



1/1844
bottom of page