ԲԴԽ-Ն ԲՈԼՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱՌՆԵԼ Է․ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԲԴԽ
- Ani

- Oct 7, 2024
- 1 min read

Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկ տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է, դիմել է ԲԴԽ՝ իր գործը վերանայելու պահանջով։
Լրագրողների հետ զրույցում դատավորը նշեց՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դիմել է ԲԴԽ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածով սահմանված կարգով գործի քննությունը վերանայելու պահանջով:
Հարցին՝ հերթական անգամ դիմում ներկայացրեցիք թույլ տան մասնակցել նիստին, բայց մերժում ստացաք, ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը, նա պատասխանեց.
«Պետք է սպասեմ այսօրվա դատական նիստի արդյունքներին ծանոթանալու հնարավորությանը: Նախորդ նիստից հետո միայն 48 ժամ հետո ենք իմացել թե ինչ է տեղի ունեցել, ինչ դատավարական գործողություններ են կատարվել, ինչ որոշումներ են կայացվել: Հուսում եմ այս անգամ ավելի կարճ ժամանակահատվածում կստանանք այդ տեղեկությունները ու դրան համապատասխան էլ կձեռնարկվեն քայլեր»:
Դատավորի խոսքով՝ ԲԴԽ կողմից անորոշությունը կայանում է նաև հետևյալում՝ նշում են թե գրավոր է ընթացակարգը, բայց օրինակ՝ ՍԴ-ում, երբ գործի քննությունն իրականացվում է գրավոր, ապա գրավորին էլ երկու տեսակ կա` դռնբաց դատական նիստում գրավոր և դռնփակ դատական նիստում գրավոր: «Հիմա ԲԴԽ-ն բոլոր կանոնները խառնել է, անհասկանալի ընթացակարգ է կիրառում, դրանից էլ գալիս է այս անորոշությունը»,- ասաց Հարությունյանը:
Նա ասաց, որ ԲԴԽ-ն խախտել է իր հիմնարար իրավունքները․ «Նախ այս պահին Անդրեասյանը, չբացահայտելով իր բացարկի իրական հանգամանքները, հեռացել է կազմից, սակայն նախկին կազմից 4 հոգի՝ երկուսը ոչ դատավոր անդամ, երկուսը դատավոր անդամ մնացել են: Նրանք, ըստ ՍԴ-ի, իրականացրել են ստվերային արդարադատություն, խախտել էին անձի՝ տվյալ դեպքում իմ հիմնարար իրավունքները»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ որ 2023 թվականի հուլիսի 3-ին ԲԴԽ-ն որոշել էր դադարեցնել Հարությունյանի դատավորի լիազորությունները՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար, որտեղ նա քննադատել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին:




















