Արևմուտքը ՌԴ-ի դեմ կիրառում է «անակոնդայի սկզբունքը»
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 2 min read

ՌԴ-Արևմուտք հարաբերությունները շարունակում են մնալ խիստ լարված՝ Արևմուտքը չի ցանկանում հետ կանգնել Ուկրաինան և Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու մտքից, ինչը ՌԴ-ի համար անընդունելու է մի շարք պատճառներով, որոնցից ամենակարևորը՝ անվտանգային հարցն է:
Արևմուտքը ՌԴ-ի դեմ կիրառում է «անակոնդայի սկզբունքը» («принцип анаконды»), որն ենթադրում է ՌԴ-ի շուրջ հակառուսական երկրների օղակի ստեղծում, ՌԴ-ի մեկուսացում՝ տնտեսական, ռազմա-քաղաքական հյուծում: ՆԱՏՕ-ի ընդլայնումը շարունակվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և այժմ ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինայի պես մեծ տարածք ունեցող երկիրը, որը սահմանակից է ՌԴ-ին, ունի ելք դեպի Սև ծով, ինչպես նաև Վրաստանին, որը սահմանակցում է ՌԴ-ի անհանգիստ Հյուսիսային Կովկասին՝ դարձնել Դաշինքի անդամ, որը հարվածում է Մոսկվայի կենսական շահերին, անվտանգային ողջ համակարգին:
Ղրիմի թերակղզու միացումը ՌԴ-ին Մոսկվայի հստակ մեսիջն էր Արևմուտքին, որ ռուսական կողմի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինա և նրանք դա թույլ չեն տա: Սակայն Արևմուտքը տարիներ շարունակ զինում է ուկրաինական բանակը, ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, այդ թվում Վրաստանին, որպեսզի այդ երկրները մնան հակառուսական ուղեծրում: Մինչ այդ, 2008թ.-ին ՌԴ-ն թույլ չտվեց Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունն ու այնտեղ ռուսական զորքեր տեղակայեց:
Եթե Արևմուտքը շարունակի Ուկրաինայից և Վրաստանից կերտել հակառուսական պլացդարմներ՝ Մոսկվայի պատասխանը լինելու է միանշանակ կոշտ և ռազմական ոլորտում:
Արևմուտքը չի ցանկանում ԽՍՀՄ-2-ի ստեղծում՝ ի դեմս ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի, իսկ Մոսկվան շարունակում է հետխորհրդային տարածաշրջանն ընկալել որպես իր կենսական շահերի տարածք և ակտիվացնում է ինտեգրացիոն գործընթացները նախկին ԽՍՀՄ երկրների հետ:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ն որդեգրել էր «Վուլֆովիցի դոկտրինը»(«Wolfowitz Doctrine»), որը մշակվել էր 90-ականներին ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցի կողմից և ենթադրում էր ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գերակայություն և նոր գերտերությունների ստեղծման խաթարում:
Այսպիսով, ԱՄՆ-ն և նրա ՆԱՏՕ-ական, եվրոպական դաշնակիցները ցանկանում են ի դեմս Ուկրաինայի և Վրաստանի՝ ստեղծել իրենց ազդեցության պլացդարմներ և ՌԴ-ի ազդեցությունը սահմանափակելու լծակներ: ՌԴ-ի համար անընդունելի է Ուկրաինայում և Վրաստանում ամերիկյան, նատօական զորքերի, հրթիռների տեղակայումը, որոնք կարող են փոխել առկա ուժերի բալանսն ու վտանգել ՌԴ-ի անվտանգությունը: Դիվանագիտական ճակատում հաջողություններ չգրանցելու դեպքում ուկրաինական թնջուկը կարող է հանգուցալուծվել միայն ռազմական ճանապարհով՝Դոնբասը դառնալու է Արևմուտք-ՌԴ-ի proxy war-ի թատերաբեմ:
Արտյոմ Բալասանով




















