top of page

Արևմուտքի ճնշման ֆոնին ՌԴ-Իրան կապերն ավելի են խորանալու

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Իրանը հույսեր է կապում Ռուսաստանի Դաշնության հետ տիեզերական, անվտանգության և տնտեսական ոլորտներում համագործակցության ակնկալիքով, Մոսկվայում հայտարարել է Իրանի նախագահը։ Էբրահիմ Ռաիսին երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է Վլադիմիր Պուտինի հրավերով։


Ռուս-իրանական հարաբերություններն ամրապնդվելու են՝ Արևմուտք-ՌԴ, Արևմուտք-Իրան հակամարտության, գեոպոլիտիկ պայքարի ֆոնին:


ՌԴ-ն և Իրանը ցանկանում են միավորել ջանքերը՝ Արևմուտքին դիմագրավելու համար և այս առումով Մոսկվան և Թեհրանն ունեն ընդհանուր գեոպոլիտիկ շահեր: ՌԴ-ի համար հետաքրքիր է 80 միլիոնանոց իրանական շուկան՝ Մոսկվան մասնակցում է Իրանում էներգետիկ նախագծերին, կողմերը զարգացնում են կապերը նաև ռազմա-տեխնիկական ոլորտում: Իրանն ու ՌԴ-ն համագործակցում են նաև Սիրիայում՝ Բաշար Ասադի իշխանությունը պահպանվում է Մոսկվայի և Թեհրանի ակտիվ աջակցությամբ:


ՌԴ-ն և Իրանը Կասպից ծովում հարևան երկրներ են՝ առևտրային կապերի խորացումը բխում է երկկողմ շահերից: Բացի այդ, ռուս-իրանական հարաբերություններում անկյունաքարային նախագիծ է նաև Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքը՝ կառուցվում է ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծը, բացի այդ, երկրները ցանկանում են միավորել նաև իրենց էներգետիկ հոսքագծերը:


Հարավային Կովկասում ՌԴ-ի և Իրանի համար մարտահրավեր է թուրքական գործոնի ուժեղացումը՝ՌԴ-ի և Իրանի համար ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է Մեծ Թուրան կառուցելու Անկարայի և Բաքվի ռազմավարությունը:


ՌԴ-ն և Իրանը Հայաստանն ընկալում են, որպես ռազմավարական դաշնակից՝ ռուս-իրանական կապերի խորացումը բխում է նաև Երևանի շահերից, քանի որ դա լրացուցիչ անվտանգային երաշխիքներ է ստեղծում: Չմոռանանք, որ Իրանը հստակ մեսիջ է հղել թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Թեհրանի համար:


Հայաստանում են տեղակայված ռուսական զորքերը, Հայաստանը՝ ԵԱՏՄ-ի անդամ երկիր է և այս առումով Հայաստանը կարող է դառնալ ռուս-իրանական համագործակցության, այդ թվում տնտեսական, ամենահարմար հարթակը:


Ռուս-իրանական հարաբերությունները շարունակելու են խորանալ բազմաթիվ ոլորտներում՝այդ թվում տնտեսական և ռազմա-քաղաքական: Արևմուտքի կողմից ճնշումները Մոսկվայի և Թեհրանի վրա միայն լրացուցիչ խթան են հանդիսանալու այդ կապերի խորացման համար:


Արտյոմ Բալասանով


 
 
1/2518
bottom of page