Ադրբեջանի շնորհակալությունը Հունգարիային և բոնուսը` Փաշինյանին

Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 հայ զինծառայողների։ Հունգարիան ոչ միայն ռազմագերիների վերադարձի հարցում է միջնորդել, այլ նաև կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափով պատվաստանյութ է ուղարկել Հայաստան: Իհարկե, Հունգարիան առաջին երկիրը չէ, որ ռազմագերիների վերադարձման հարցում կարևոր միջնորդություն է անում։ Պետք է ըստ արժանվույն գնահատել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Վրաստանի ջանքերը։
Լավ լուրերի համար, իհարկե, պետք է ուրախանալ, բայց Հունգարիայի պարագան մի փոքր այլ է։
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականից Հայաստանի ԱԱԽ որոշմամբ` 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո: Այս համատեքստում գործ ունենք ավելի բազմաշերտ գործընթացի հետ, քան գերիների վերադարձն է, մանավանդ, որ Հունգարիան՝ լինելով ԵՄ անդամ, առանձնապես չի փայլում հումանսիտական կեցվածքով և եվրոպական ընտանիքում «իզգոյի» կարգավիճակ ունի, մյուս կողմից՝ թյուրքական պետությունների միության դիտորդ անդամ է։
Բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ երեկ Ադրբեջանը վարձահատույց է եղել Հունգարիային՝ ժամանակին Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար։ Այլ խոսքով, Բաքուն օգնել է, որպեսզի Հունգարիան հումանիստական երկրի իմիջ ձեռք բերի, կարողանա վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը Բուդապեշտին թույլ կտա ճեղքել ԵՄ-ում իր շուրջ ձևավորված մերժողականության պատը։
Իհարկե, Բաքուն անուղղակի բոնուս է տվել նաև Փաշինյանին, որը միշտ հմտորեն կարողանում է օգտագործել ռազմագերիների հերթական խմբի վերադարձի փաստը՝ դա ներկայացնելով որպես իր դիվանագիտական ջանքերի արդյունք։
Վահրամ Բագրատյան



















