Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, «ՌԻԱ»-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ և ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է հանդիսանում։
«Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, այնտեղ, ցավոք, այլ ճանապարհ են ընտրել։ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես, ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով՝ չհաշված Վաշինգտոնում այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելը, որն ընթանում է այս օրերին։ Այս ամենը ծայրահեղ ափսոսանքից բացի՝ ոչինչի չի կարող առաջացնել»,- ընդգծել է Գալուզինը։
Նա շեշտել է՝ Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական երկրի անվտանգության։
«Կարծում եմ՝ Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը»,- հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։