top of page

Ես տիկին Տամարայի կյանքն ավելի շատ եմ ապրել, քան՝ իմ սեփականը. Մարջան Ավետիսյան

  • 16 hours ago
  • 2 min read

Ես տիկին Տամարայի կյանքն ավելի շատ եմ ապրել, քան՝ իմ սեփականը: Այս մասին Life.tert.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը:



«Փակագծեր բացել չեմ կարող, բայց վստահ եմ, որ մեր հեռուստադիտողն ու հանդիսատեսը բարձր տրամադրությամբ կհեռանա դահլիճից»,- ասաց դերասանուհին՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Ֆուլ Հաուս» ներկայացմանը։



Ըստ դերասանուհու՝ իրենք ջանք չեն խնայի՝ հանդիսատեսին բարձր տրամադրություն փոխանցելու համար։



«Հուսամ՝ կփարատենք «Ֆուլ Հաուսի» հանդեպ կարոտը։ Հանդիսատեսի համար անակնկալները, ենթադրում եմ՝ կլինեն իրենց սիրելի հերոսներին նոր իրավիճակներում տեսնելու մեջ։ Եվ հուսամ՝ մենք կկարողանանք արդարացնել նրանց սպասելիքները»,- ասաց դերասանուհին։



Չնայած հանդիսատեսը սիրված նախագծի հերոսներին կարոտելու շատ առիթ չունի, քանի որ տարեսկզբին էկրաններ էր բարձրացել «Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմը, որը, ըստ պրոդյուսերական թիմի, բարձր դիտելիության շնորհիվ ռեկորդային արդյունք էր գրանցել։ Հենց այդ հաջողությունն էլ ցույց տվեց, որ «Ֆուլ Հաուսը» չի կորցրել իր արդիականությունը, ավելին՝ նախագծի հերոսները շարունակում են նույնքան սիրված լինել, որքան նախկինում։



«Ֆիլմի հաջողությունը մեծ էր։ Արձագանքները տարբեր էին, երբեմն՝ հակասական, բայց հիմնականում՝ դրական։ Ավելի քան վստահ եմ, որ շատ դիտողներ կնախընտրեին սիթքոմի տարբերակն ու շարունակականությունը։



«Ֆուլ Հաուս» սիթքոմը նոստալգիա է թե՛ դիտողների, թե՛ մեզ համար։ Ըստ իս՝ սերիալի դրվագները կամ դերասանական խաղը չէ, որ կարոտում է հեռուստադիտողը, այլ սերիալի ժամանակաշրջանը՝ 2014-ից մինչև 2019 թվականը։ Մեր խաղաղ ու ապահով կյանքի հիշողությունն է կարոտում։ Մեծերի համար «Ֆուլ Հաուսը» լավ կյանքի հիշողություն է, փոքրերի համար՝ սովորություն, առանց որի շատերն անգամ չեն ճաշում»։



Մարջան Ավետիսյանի խոսքով՝ անկախ դադարներից՝ տիկին Տամարայի կերպարին վերադառնալն իրեն հեշտ է տրվում։



«Երբեմն ինձ թվում է՝ ես իր կյանքն ավելի շատ եմ ապրել, քան՝ իմ սեփականը։ Միշտ եմ կարոտում։ Ամենաջերմն է։ Այս ընթացքում տիկին Տամարան փոխվել է․ նա այլևս բազմազավակ մայր է։ Այս կարգավիճակը նոր շերտեր է բացում՝ կերպարին նորովի ներկայանալու համար և բերում նոր իրավիճակներ, որոնք թե՛ հետաքրքրացնում են կերպարը, թե՛ ինձ՝ իրեն մարմնավորելու լայն դաշտ տալիս»։



Իսկ հարցին՝ ամեն նոր «Ֆուլ Հաուսից» հետո՝ լինի դա սիթքոմ, ներկայացում, թե ֆիլմ, երբևէ մտավախություն չի ունենում, որ գուցե արդեն արել է իր լավագույնը, և հաջորդ նախագիծը դժվար կլինի նույն մակարդակի հասցնել, դերասանուհին ասաց.



«Իհարկե, կա մտավախություն, բայց պրոդյուսերի, սցենարիստների և իմ խաղընկերների հանդեպ անվերապահ վստահությունը միշտ էլ չեզոքացնում է վախերը»։



Սեպտեմբերի 8-ին «Ֆուլ Հաուսի» սիրված հերոսները հանդես կգան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ամբողջովին նոր ծրագրով։ Այնուհետև նախագծի ստեղծագործական կազմը մեկնելու է ՌԴ, Եվրոպա, իսկ հյուրախաղերը կեզրափակվեն ԱՄՆ-ում։



Նշենք, որ «Ֆուլ Հաուսի» ներկայացման առաջին ցուցադրությունը նախկինում կայացել էր հենց ԱՄՆ-ում։

1/2873
bottom of page