Համաձայնագիր չկա, սահմանազատում չես արել, ինչի՞ համար ես ժողովրդին ասում՝ էս տարածքը պետք է տամ, սպառնում պատերազմով. Օհանյան
- Armen Sukiasyan
- Mar 25, 2024
- 1 min read

«Որպես միջպետական ճանապարհներ՝ սահմանափակում է մեր բոլոր կապերը Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ»,- Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տավուշից գյուղեր հանձնելու հարցին:
Նա ընդգծել է, որ սա մեկ գյուղի կամ մեկ տարածաշրջանի խնդիր չէ, սա ամբողջ Հայաստանի խնդիրն է:
«Միակ ելքն այս իրականության մեջ այս իշխանություններին հեռացնելն է, որովհետև այս իշխանությունները ոչ միայն անգրագետ են, նաև մի ամբողջ ժողովուրդ են ուզում անտեր թողնել»,- ասել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Ըստ նրա, եթե խոսքը գնում է սահմանազատման/սահմանագծման մասին, հերթականությունը հետևյալն է. «Երկու թշնամի պետություն պայմանավորվում են, որ այլևս ուզում են խաղաղության մեջ ապրել, դառնալ հարևան պետություններ, կնքում են համաձայնագիր ու դրա համաձայն հետագա քայլերն են ուզում կատարել։ Իսկ այսօր այդ համաձայնությունը չկա։ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի տարածքում, հռետորաբանությունը, վախեցնելը, ճնշումները Հայաստանի իշխանության վրա շարունակում են, ավելին՝ հավակնություններ ունի, երևի այսօրվա իշխանությունների հետ պայմանավորված, նաև Տավուշի տարածաշրջանի վերաբերյալ։
Երկրորդ քայլը սահմանազատումն է, քարտեզի վրա աշխատանքն է։ 950 կմ սահման ունենք Ադրբեջանի հետ։ Ինչո՞ւ ես միայն փորձում Տավուշի մարզում սահմանը զատել։ Ոչ մի քարտեզ չկա, աշխատանք չի տարվել։ Այդ հատվածում ունենք ամուր պաշտպանության, ռազմավարական ճանապարհ։
Այսինքն՝ համաձայնագիր չկա, սահմանազատում չես արել, ինչի՞ համար ես գնում, ժողովրդին ասում՝ էս տարածքը պետք է տամ, վախեցնում, սպառնում պատերազմով, ընդ որում իմանալով՝ հայ ժողովուրդը վախեցո՞ղ է պատերազմից։
Եթե նույնիսկ պատերազմ լինի, ինչո՞ւ ես կանխորոշում, որ մենք այդ պատերազմում անպայման պարտվելու ենք։ Եթե պետք լինի, ոտքի ենք կանգնելու ու պաշտպանելու մեր երկիրը, եթե լինի խելացի ղեկավարություն։ Համոզված եմ՝ եթե առաջին պատերազմում Նիկոլի նման ղեկավար ունենայինք, այն ժամանակ էինք մենք պարտվելու։ Այն ժամանակ հաջողության էինք հասել միասնականության շնորհիվ, հիմա էլ կարող ենք հաջողության հասնել միասնականության շնորհիվ»։